«Բայդենը վստահ է, որ Սենատն ինքը պետք է որոշի Թրամփին պատասխանատվության ենթարկելու հարցը»․ Սպիտակ տան մամուլի քարտուղար

01:08 • 23.01.21

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է՝ Սենատն ինքը պետք է որոշի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանատվության ենթարկելու հարցը, փոխանցում է ria.ru-ն։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ նորընտիր նախագահը կարծում է, որ Թրամփը պետք է դատապարտվի, Փսակին պատասխանել է․ «Նա այլևս Սենատի անդամ չէ և կարծում է, որ Սենատն ու Կոնգրեսը պետք է որոշում կայացնեն, թե ինչպես պատասխանատվության ենթարկեն նրան»։

Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ավելի վաղ հավանություն է տվել Թրամփին պաշտոնանկ անելու մասին բանաձևին: Փաստաթղթում մեղադրանքի հոդվածը մեկն է՝ խռովության հրահրում։ Բանաձևի հաստատումից հետո Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որի նկատմամբ երկու անգամ պաշտոնանկության գործընթաց է սկսվել։ Նրան պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել էին 2019 թվականին։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 4 մարդ է սպանվել: