Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները

10:21 • 23.01.21

Կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները: Այս մասին հայտնում է The local-ը:

Ըստ նոր կանոնների՝ Եվրամիության անդամ երկրներից Ֆրանսիա մուտք գործող անձինք նախ պետք է  COVID-19 կորոնավիրուսի առկայության թեստ հանձնեն սահմանը հատելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ: 

Հրամանն ուժի մեջ կմտնի հունվարի 24-ից: 

Հստակեցվում է, որ այս նորամուծությունը չի տարածվում բեռնատարների վարորդների և սահմանամերձ շրջաններում աշխատող մարդկանց վրա:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում տիրող բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով երեկոյան ժամը 6-ից առավոտյան 6-ը երկրում պարետային ժամ է սահմանվել:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային համավարակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է COVID-19 վարակի գրեթե 3 միլիոն դեպք: Երկիրն աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցնում վարակակիրների քանակով: Հիվանդության հետևանքով մահացել է գրեթե 72 հազար մարդ: