Ամստերդամում ձերբակալել են Ասիայի խոշորագույն թմրակարտելի ղեկավարին

23:36 • 24.01.21

Նիդերլանդների մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Ցզե Չի Լոպին, որը չինական ծագում ունեցող կանադացի է և համարվում է Ասիայի Sam Gor խոշորագույն թմրակարտելի հիմնադիրը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», Ցզե Չի Լոպն Ամստերդամում ձերբակալվել է ավստրալական ոստիկանության պահանջով, սակայն նրան որոնելիս են եղել նաև շատ այլ երկրների իշխանություններ, այդ թվում՝ Կանադայի, Չինաստանի և ԱՄՆ-ի: Ցզեն ողջ աշխարհում անենից շատ որոնվող հանցագործներից մեկն է, որին լրատվամիջոցները համեմատում են լատինամերիկյան թմրավաճառների հետ, ինչպիսիք են Պաբլո Էսկոբարն ու Էլ Չապոն:

57-ամյա տղամարդը ծնվել է Չինաստանի Գուանդուն նահանգում: Վերջինս կապ է ունեցել Հոնկոնգի և Չինաստանի հարավային խոշորագույն հանցավոր խմբավորումների հետ: 1980-ականներին տեղափոխվել է Կանադա, որտեղ ևս զբաղվել է թմրանյութերի վաճառքով:

ՄԱԿ-ի՝ թմրանյութերի և հանցավորության հարցով վարչությունը Sam Gor-ը համարում է մետամֆետամինի վաճառքի համաշխարհային առաջատար ընկերությունը: