Ծովահենները Գվինեական ծոցում հարձակվել են թուրքական «MOZART» բեռնափոխադրիչ նավի վրա. անձնակազմի 15 անդամ գերեվարվել է, 1 նավաստի՝ սպանվել

07:25 • 24.01.21

Ծովահենները Գվինեական ծոցում հարձակվել են Լիբերիայի դրոշի տակ նավարկող թուրքական «MOZART» փոխադրիչ նավի վրա և գերեվարել անձնակազմի 15 անդամի, մեկ մարդ մահացել է, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ թուրքական նավը գտնվել է Սանտ-Տոմե քաղաքից 160 կմ հեռավորության վրա: Հ

այտնի է, որ մահացածը ծնունդով Ադրբեջանից է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել գերեվարված նավի նավապետ Ֆուրքան Յարենի հետ, տեղեկություն ստացել, որ նավաստիներից 3-ը նավով նավարկում են դեպի Գաբոն: Էրդողանն ասել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին ու կարգադրել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը առևանգված անձանց փրկելու ուղղությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ ու ցավակցություն հայտնել նրան ծնունով ադրբեջանցի նավաստիի մահվան կապակցությամբ: