ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Ճապոնիային Չինաստանի հետ վիճելի Սենկակու կղզիները պաշտպանելու հարցում․ Պենտագոն

10:47 • 24.01.21

Պենտագոնի նոր ղեկավար Լլոյդ Օսթինը Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսիի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Չինաստանի հետ վիճելի Սենկակու կղզիները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պաշտպանության նախարար Օսթինը հաստատել է, որ ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության պայմանագրի 5-րդ հոդվածն ընդգրկում է Սենկակու կղզիները, և որ ԱՄՆ-ն դեմ է Արևելյաչինական ծովում ստատուս-քվոն փոխելու ցանկացած միակողմանի փորձի»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Պայմանագրի վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱՄՆ-ն և Ճապոնիան պետք է համատեղ պաշտպանվեն երկրներից մեկի զինված սպառնալիքից:

Կողմերը քննարկել են նաև Ճապոնիայում ամերիկյան ուժերի վերաբաշխման հարցը և ԿԺԴՀ-ի հարցը: