Կանադայում 97-ամյա կնոջը Moderna պատվաստանյութը ներարկելուց 2 շաբաթ անց պատահմամբ Pfizer պատվաստանյութ են ներարկել
Կանադայում դեմենցիայով տառապող կնոջը Moderna պատվաստանյութը ներարկելուց երկու շաբաթ անց պատահմամբ Pfizer ընկերության պատվաստանյութ են ներարկել, հաղորդում է CNC-ը։
Մոնրեալի 97-ամյա բնակչուհի Անտոնիետա Փոլիսի դստեր խոսքով՝ մայրը չի հասկացել՝ ինչ պատվաստանյութ են ներարկում։ Երկու շաբաթ անց տեղի ունեցածի մասին տեղեկացրել են հիվանդանոցից։
«Շոկի մեջ էի։ Ես հիասթափված էի։ Ինչպե՞ս կարող էր նման բան լինել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «ալյևս չեն կարող փոխել եղելությունը, սակայն ցանկանում են տեղի ունեցածի մասին բարձրաձայնել, որպեսզի մյուսները զգուշանան հնարավոր շփոթմունքներից»։
Բացի այդ, նա մտավախություն է հայտնել, որ տեղի ունեցածը կարող է ճակատագրական լինել իր մոր համար։
Նշվում է, որ դեպքի առնչությամբ բժշկական հաստատությունում հետաքննություն է անցկացվում։ Վարակիչ հիվանդությունների մասնագետների խոսքով՝ դեռևս պարզ չէ՝ ինչ կարող է պատահել պատվաստանյութերը խառնելու պարագայում։










