«Տնօրենի մրցույթում գործող տնօրենն ու այլ թեկնածու հավաքել են հավասար ձայներ, պահանջում ենք՝ մեր տնօրենը շարունակի պաշտոնավարել»․ N 1 ավագ դպրոցի անձնակազմը նամակ հանձնեց ԿԳՄՍՆ (տեսանյութ)

14:55 • 25.01.21

Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմը բողոքի ակցիա է անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Պատճառը դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված խնդիրներն են։

Ուսուցիչները պահանջում են, որ իրենց դպրոցի գործող տնօրենը շարունակի պաշտոնավարել, սակայն, ինչպես ուսուցիչներից մեկը որակեց, ինչ-որ մեկը եկել ու ուզում է ներխուժել իրենց կոլեկտիվ:

Նշենք, որ նոր տնօրենն ընտրվել է մրցույթով, սակայն ըստ ուսուցիչների՝ կատարվածն անարդար է, քանի որ մրցույթից կես ժամ առաջ հայտնվել է նոր թեկնածու և 8 հոգանոց անձնակազմից 4-ն ընտրել են նոր թեկնածուին, իսկ մյուս 4-ը՝ գործող տնօրենին:

Ուսուցիչների պնդմամբ՝ նոր թեկնածուին ընտրող 4 անձիք կապ ունեն Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Ըստ մրցույթի կարգի՝ ընտրության հավասար ձայների դեպքում արդեն ԿԳՄՍՆ-ն պետք է ընտրի տնօրենին, և ուսուցիչները պայքարում են հենց գործող տնօրենի համար:

Ուսուցիչներից մեկը նշեց, որ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում են պահանջում, որ երեք օրվա մեջ խնդիրը լուծվի, չլուծվելու դեպքում բոյկոտ կսկսեն: «Եթե նոր տնօրենը գա, փակ դռների առաջ է կանգնելու, ո՛չ մասնագետներ է ունենալու, ո՛չ աշակերտներ, որտե՞ղ է աշխատելու»:

Նշենք, որ այս պահին ուսուցիչները ԿԳՄՍՆ շենքում են և հանդիպում են պահանջում կա՛մ ԿԳՄՍ նախարարի, կա՛մ այլ ներկայացուցչի հետ:

Ուսուցիչներն իրենց դիմումը չհանձնեցին ԿԳՄՍ նախարարություն՝ հույս ունենալով, որ նախարարն իրենց կընդունի և իրենց հուզող հարցերը դիմումի հետ կփոխանցեն:

Ակցիայի մասնակիցներից 6 հոգի ԿԳՄՍՆ շենքում հանդիպման են հրավիրվել։