Պատերազմի պարտության համար պետք է պատասխանատվություն կրի նաև Դավիթ Տոնոյանը, ինքն է «Սու 30»-ների գործարքն արել, որը, հետագայում պարզվեց, հրթիռներ չուներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

13:31 • 25.01.21

Շուշին ադրբեջանցիներին, թուրքերին շատ հետաքրքիր է եղել 19-րդ դարի կեսերից, թուրքերը հարյուր տարի առաջ հասկանում էին Շուշիի նշանակությունը կովկասյան գեոստրատեգիայում և այսօր էլ հասկանում են և դրա համար հիմնական ուղղությունը Շուշին էր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական- քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքներին:

««Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանն ասաց, որ հայկական ուժերը, որոնք Շուշիում էին և քաղաքը մաքրել էին ադրբեջանական դիվերսիոն խմբերից, ամբողջովի վերահսկում էին Շուշին, բայց  նրանց հրամայվել է՝ դուրս եկեք, «Իսկանդեր»-ով հարվածում ենք, դուրս են եկել, դրանից հետո «Իսկանդեր»-ով հարվածն է եղել, և հայտարարվել է, որ վերջ, ադրբեջանական բանակը Շուշիում է: Այդ պատճառով  շատ տրամաբանական է Կուրղինյանի հայտարարությունը, որ տեղի է ունեցել դավաճանություն, որ հայկական ուժերին «Իսկանդեր»-ով հարվածելու պատրվակի ներքո դուրս են հանել, որ հանձնեն  Ադրբեջանին, և դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ»,-պատմեց Միհրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հետագայում, երբ քննիչ հանձնաժողով ստեղծվի, և պատերազմի բոլոր առեղծվածները բացահայտվեն, հստակորեն պետական դավաճանությունը ջրի երես է դուրս գալու:

«Բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցել են այս դավաճանությանը՝ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի գլխավորությամբ, կանգնելու են դատարանի առջև: Հարցն այն է, որ «Իսկանդեր» չի կիրառվել ադրբեջանցիների դեմ, որևիցե ստրատեգիական նշանակություն ունեցող թիրախի, հրամանատարական կետերի, կամուրջների ուղղությամբ, կիրառվել է Շուշիում, որի ապացույցը, հարցրեք Շուշիի շրջակայքում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների և ականատեսներին, բոլորը կհավատացնեն, դա փաստ է․ «Իսկանդեր»-ով հարված է հասցվել Շուշիին, և Կուրղինյանի բացատրությունը շատ տրամաբանական և փաստարկված է»:

Հակոբյանի խոսքով՝ այն, ինչ խոսում է Նիկոլ Փաշինյանը Շուշիի մասին, դավաճանությունը արդարացնելու փորձ է. «Ինքը Շուշին ծախել է, հանձնել է, հիմա արդարանում է, ասում է՝ դժգույն քաղաք է, ադրբեջանական քաղաք է»:

Միհրան Հակոբյանը հիշեցրեց, որ ձայնագրություն կա, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մերժում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի կողմից Արցախի հարցի համար 5 մլրդ դոլոր տալու առաջարկը.

«Ունենք փաստ՝ Միքայել Մինասյանը հայտարարեց, որ Դուբայում հանդիպում է տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների միջև, և այդ հանդիպմանը նորից ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին առաջարկ են արել, և հանդիպման մասնակից բարձրաստիճան պաշտոնյան դա հաստատեց: Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը, հիմք ունե՞նք ենթադրելու, որ ստեղծված իրավիճակը պատերազմի ամոթալի հետևանքները կապված է այդ 5 մլրդի հետ, հանրությունը իրավունք ո՞ւնի մտածելու, որ նա այդ 5 մլրդ-ը վերցրել է: Այս ենթադրությունները մնալու են օդում  կախված այնքան, քանի դեռ նա վարչապետի աթոռին սոսնձված է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը և իր հանցագործների «բանդան» դատարանում կանգնած ցուցմունքներ չեն տալիս»,-մեկնաբանեց նա:

Հակոբյանը, անդրադառնալով պատերազմում կրած պարտությանը, ասաց, որ կարելի էր պատերազմը հաղթել ոչ ոքի, սակայն սխալ կառավարման արդյունքում պարտություն կրեցինք.

«Այն, ինչ ասում է Դավիթ Տոնոյանը, ինքնարդարացման խղճուկ փորձ էր: Դավիթ Տոնոյանը փորձում է արդարանալ և իր վրայից պատասխանատվությունը գցել՝ վատ կապի, ԳՇ պետի, վարչապետի խողովակների վրա, նման բան չի կարող լինել: Այս պատերազմը վերջին  հարյուր տարում հայ ժողովրդի ամենամեծ պարտությունն է, որի համար պետք է պատասխանատվություն կրեն և պատասխանատվություն կրողներից գլխավորներից մեկը Դավիթ Տոնոյանն է, ինքն է եղել պաշտպանության նախարարը, ինքն է «Սու 30»-ների գործարքը արել, որը հետագայում պարզվեց, որ հրթիռներ չունի, և Ռուսաստանը նույնիսկ իրավունք չունի մատակարարելու, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն: Ես չգիտեմ՝ Դավիթ Տոնոյանը հիմա ինչ խղճով է օդ շնչում, հաց ուտում ու քնում, ինքը ղեկավարել է մի զինված ուժեր, որը կապիտուլյացիայի մասին ակտ է ստորագրել, և ինքը գողացել է հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակը և հանձնել թուրքին՝ իր անմիջական մասնակցությամբ: Լավ կլինի՝ Դավիթ Տոնոյանը հիմիկվանից սկսի պատմել Նիկոլ Փաշինյանն ինչ դավաճանական հանձնարարականներ է տվել իրեն, և ինչպես է ինքը դա կիրառել»:

Մանրամասները՝ տեսանյութում։