Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ

22:28 • 25.01.21

Կրակոցներ են հնչել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:

Ինչպես հայտնում է Nouvelles d'Arménie պարբերականը, 20:15-ին մի քանի ոստիկանական խմբավորումներ են մեկնել ուսումնասիրելու տարածքը: Կրակոցի հետևանքով կոտրվել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան: Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Նշվում է, որ սրահում ամեն շաբաթ դասընթացի է հաճախում ավելի քան 250 երեխա: Մշակույթի կենտրոնը Հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:

Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Նշենք, որ մինչ այս նմանօրինակ հարձակման դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվեց Ֆրանսիայում: