Քրոջս 3000 դրամ են փոխանցել, քանի որ նա թոշակառու է․ 68 000 դրամ պետական աջակցության մեջ են ներառել նրա թոշակն ու մնացորդը տվել․ արցախցի կին
Մեզ այսօր օգնություն է պետք, բայց դա, իմ կարծիքով, չպետք է լինի 68 000-ական դրամ։ Քրոջս անգամ 3000 դրամ են փոխանցել, որից հրաժարվել է։ Ասել են՝ քանի որ նա թոշակառու է, հետևաբար 68 000 դրամի մեջ են ներառել նրա թոշակն ու մնացորդը տվել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց արցախցի Լիանա Մինասյանը, ով ապրել էր Շուշիում։
«Չգիտենք՝ որտե՞ղ ապրել, ինչո՞վ զբաղվել։ Մենք եկանք այստեղ՝ միանգամայն անծանոթ վայր։ Շատ հայեր օգնության ձեռք մեկնեցին, բայց, այնուամենայնիվ, մենք կորցրինք այն, ինչ մեզ հոգեհարազատ էր։ Այսօր, այո, մեզ օգնություն է պետք, բայց դա չի կարող սահմանափակվել 68 000-ական դրամով»,– ասաց նա։
Անդրադառնալով անօթևան մնացած արցախցիներին 300 հազար դրամ տրամադրելուն՝ նա նշեց, որ շնորհակալ է այդ աջակցության համար, բայց այն կարճատև օգնություն է, քանի որ բնակվարձի, կոմունալ վճարումների համար մեծ գումարներ են ծախսվում։
«Միջինը կես տարվա համար 600 000 դրամը միայն բնակարանի վարձի համար է, ու մի մասն էլ վճարում ենք միայն կոմունալ ծախսերի համար։ Ի՞նչ անել հետո։ Գումարը մեկանգամյա է։ Մեզ աշխատանք է պետք։ Միանվագ գումար տրամադրելով հարց չեն լուծվի»,-ասաց նա։
Անդրադառնալով Շուշիի գրավմանը՝ արցախցին նշեց․ «Այն, որ Շուշին գրավեցին, անսպասելի էր, ոչ մի կերպ չի տեղավորվում մեր գլխում։ Սա ինձ հիշեցնում է Շահումյանի գրավումը։ Մեր ազատամարտիկները դիրքերում էին, դրանք չէինք հանձնել, բայց Շահումյանն արդեն գրավել էին։ Այս իրավիճակն էլ կրկնվեց Շուշիում»,- ասաց նա՝ նշելով, թե Շուշին առանց կռվի վերցրել են։ «Կռիվ, իհարկե, եղել է, սակայն այն չպետք է լիներ Շուշիի մատույցներում»,-ասաց նա։










