Նիդերլանդներում գիշերային անկարգությունների հետևանքով 180 քաղաքացի է բերման ենթարկվել

17:15 • 26.01.21

Նիդերլանդների ոստիկանությունը երրորդ գիշերն անընդմեջ ընթացող անկարգությունների ընթացքում 180  քաղաքացու է բերման ենթարկել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Անկարգությունները կապված են կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված արգելափակումների և սահմանված պարետային ժամի հետ:

Սա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին պարետային ժամն է Նիդերլանդներում, ինչը պայմանավորված է Առողջապահության պետական ինստիտուտի նախազգուշացմամբ, համաձայն որի՝ կորոնավիրուսի նոր «բրիտանական շտամի» պատճառով վարակների նոր ալիք կարող է լինել:

«Մեզ մոտ անցյալում անկարգություններ տեղի ունեցել են, սակայն հազվադեպ է պատահել, որ մի քանի գիշեր ամբողջ երկրում այդպիսի վիճակ լինի», - ասել է ոստիկանության մամուլի խոսնակ Սյուզան վան դե Գրաաֆը:

Մայրաքաղաք Ամստերդամում երիտասարդների խմբերը կոտրել են խանութների ցուցափեղկերն ու հարձակվել ոստիկանական բեռնատարի վրա, սակայն ոստիկանության զանգվածային ներկայության շնորհիվ անկարգությունները կասեցվել են:

Անկարգությունների ընթացքում վիրավորվել է 2 լուսանկարիչ և 10 ոստիկան: Ըստ Ոստիկանության մամուլի խոսնակի հայտնած տեղեկությունների, ագրեսիայի մեծ մասն ուղղված է եղել ոստիկանների դեմ և անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 470 մարդ: