«ԱՄՆ-ն ծրագրում է Թուրքիայում սպանություններ իրականացնել»․ Թուրքիայի ԳՇ հետախուզական վարչության նախկին ղեկավար
Թուրքական կառավարությունն ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայում սպանել հասարակական կարծիքի առաջնորդներին, հայտարարել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին ղեկավար, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից Իսմայիլ Հաքքին Փեքինը։ Նա հիշյալ հայտարարությունը հնչեցրել է թուրքական Ulusal հեռուստաալիքով անցած շաբաթ կայացած քննարկման ժամանակ։
Փեքինի խոսքով՝ կառավարությունը «հետախուզական տվյալներ» ունի ենթադրյալ հարձակումների մասին և «անհրաժեշտ նախազգուշական միջոցներ է ձեռնարկում»:
«Կան հասարակական կարծիքի առաջնորդներ։ Եվ եթե այդ առաջնորդներին սպանեն, ապա թուրքական հասարակությունն անպայման կմեղադրի իշխանությանը»,- հայտարարել է նա։
Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հատկապես լարվել են 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո, որում Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին։ ԱՄՆ-ն նաև բազմիցս հրաժարվել է արտահանձնել Գյուլենին։










