ԱՄՆ Սենատը հաստատել է Էնթոնի Բլինքենի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում  

23:13 • 26.01.21

 

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հաստատել է Էնթոնի Բլինքենի թեկնածությունը ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նրա օգտին քվեարկել են 78 սենատորներ, դեմ՝ 22-ը: 58-ամյա Բլինքնեի երդմնակալությունը տեղի կունենա մոտ օրերս:

Ինչպես հեռուստաալիքը նշում է, Բլինքենի թեկնածության հաստատմամբ՝ նախագահ Ջո Բայդենն իր վարչակազմի ազգային անվտանգության թիմում արդեն մի շարք առանցքային անդամներ ունի: Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Էլվին Հեյնսը, ինչպես նաև պաշտպանության նախարարի պաշտոնում Լլոյդ Օսթինը հաստատվել են Բայդենի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին:

Բլինքենը Բայդենի երկարամյա աջակիցն ու օգնականն է եղել: Նրա առաջ խնդիր է դրված աշխարհում վերականգնել Ամերիկայի դիրքերը և աշխուժացնել գերատեսչության աշխատանքը:

Բլինքենը ծնվել է 1962 թվականին Նյու Յորքում բնակվող հրեական ընտանիքում: ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում վերջինս աշխատել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդում, եղել է նախագահի օգնականն արտաքին քաղաքականության հարցերով: