Արտակարգ և ռազմական դրության ժամանակ ԶԼՄ–ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ Կառավարության որոշումներն անհամաչափ էին և իրենց նպատակին չհասան․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

12:15 • 26.01.21

Թե՛ արտակարգ դրության ժամանակ, թե՛ ռազմական դրության ժամանակ Կառավարությունը որոշումներ ընդունեց, որոնց բաղկացուցիչ մասը լրատվամիջոցների գործունեության նկատմամբ սահմանափակումներն էին: Այդ սահմանափակումները անհամաչափ էին և իրենց նպատակին չհասան: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի՝ անհասկանալի էր նաև այն, որ պատերազմի և կորոնավիրուսի ընթացքում լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու բեռը դրված էր ոստիկանության ուսերին, սակայն նույն ժամանակ որևէ հստակ հիմնավորում չէր նշվում:

«Պատերազմի ընթացքում 13 լրատվամիջոց տուգանվել է 700 հազար դրամի չափով, մեկ դեպքում նույնիսկ 1 մլն 500 հազար դրամով, քանի որ հրապարակումը չէր հեռացվել: Իսկ համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ ոստիկանությունը 32 ծանուցում է ուղարկել հրապարակումներ հեռացնելու վերաբերյալ»,-ասաց նա:

Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ՝  լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակը շատ մեծ է և ընդհանուր թիվը 273-ն է՝ ներառելով թե՛ ֆիզիկական ճնշումները, թե՛ հրապարակումներն արգելելու դեպքերը, թե՛ մնացյալ բոլոր ճնշումները: