Մեղավոր ենք զգում, որ Քարին Տակի ինքնապաշտպանությունից 29 տարի անց այն գտնվում է ադրբեջանցիների ձեռքին․ դա քարինտակցու կռիվը չէր, քարինտակցին մենակ էր մնացել․ Արծվիկ Սարգսյան (տեսանյութ)
Քարին Տակ գյուղի ինքնապաշտպանութան օրվա առթիվ մի խումբ արցախցիներ այցելել էին Եռաբլուր։ Նրանց թվում էր նաև Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե Արցախյան վերջին պատերազմում քարինտակցիները մնացել էին մենակ, հակառակ դեպքում՝ Քարին Տակը չէր անցնի ադրբեջանական վերահսկողության տակ։
«Ես ուզում եմ խոնարհվել մեր բոլոր նահատակների առաջ ու ասել՝ այսօր մեզ մենք մեղավոր ենք զգում, որ 29 տարի հետո այս գյուղը գտնվում է ադրբեջանցիների ձեռքին, որովհետև դա քարինտակցու կռիվը չէր, քարինտակցին մենակ էր մնացել։ Պետք է պլաններ մշակել, որ նորից ու նորից անցնենք մեր ազատման գործողություններին։ Քարին Տակում ընդհանրապես ադրբեջանցիներ չեն ապրել, ու այսօր այդ նենգ ազգն ավերում է գյուղը, սրբավայրերը։ Այս օրվա առթիվ Քարին Տակում հուշարձան կար, որն ամբողջությամբ քանդել են ու լցրել դիմացի ձորը։ Ավերում են ամբողջ գյուղը, քանդում են հայկական գերեզմանները»,-ասաց նա։
Անդրադառնալով Քարին Տակի պաշտպանությանը՝ նա նշեց, որ երբ թշնամին Հադրութից փորձում էր հասնել Քարին Տակ, պետք էր կանգնեցել նրանց առաջընթացը։ «Պետք է այնտեղ նրանց ողնաշարը ջարդեինք, որ երկրորդ արյունոտ ձոր դառնար նրանց համար։ Մեր գյուղի դիմաց կար զորք, որն անհասկանալի պատճառով հանվեց, ու այդտեղ քարինտակցիները մնացել են 30-35 հոգով։ Երբ զորքն այդտեղից դուրս է գալիս, կանգնում է թշնամու տեխնիկան, ու սկսում են մեր խրամատները մեկ-մեկ «հաշվել»։ Արդեն հնարավոր չէր պահել գյուղը, դիմադրել։ Դա նկատի ունեի, որ անկազմակերպ է եղել։ Փոխարենը՝ պետք է ավելի ուժեղացնեին, զորք մտներ, հրետանի աշխատեր, դա չկար, դրա համար էլ գյուղը դուրս եկավ մեր վերահսկողությունից»,-ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մինչև նոյեմբերի 3-4-ը հրետանին շատ լավ աշխատել է ու թշնամուն հետ շպրտել, բայց անհասկանալի է՝ հետո ինչ է կատարվել, որ զորքը հանել են։ «Անտեղյակ ենք՝ ում հրամանով են հանել»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է տարհանված արցախցիներին, Սարգսյանը նշեց, թե նրանք դուրս են եկել տներից՝ առանց ոչնչի, տեղավորվել են և՛ Հայաստանում, և՛ Արցախում, սակայն խնդիրները բազմաթիվ են՝ կապված հատկապես բնակվարձերի գների հետ։
Անդրադառնալով հարցին, թե շուշեցիներն արդյո՞ք կհամաձայնեին, որ ադրբեջանցի փախստականները վերադառնային, սակայն քաղաքը մնար հայկական վերահսկողության տակ, Սարգսյանն արձագանքեց, որ եթե հայտարարեին, որ այսքան ահավոր պատերազմ է լինելու, գուցե կհամաձայնեին։ «Ես կհամաձայնեի։ Ադրբեջանցին չէր համարձակվի գալ ու ինձ իմ տնից հանել։ Բացի այդ՝ Շուշիում ազատ բնակֆոնդ չկար՝ 2008-ից։ Հիմա, երբ գնանք, թուրքն արդեն իմ տանը նստած է։ Ոչ մեկս չէր պատկերացնում, որ անառիկ բերդը պետք է հանձնվեր։ Մարդիկ չէին ուզում տներից դուրս գալ, լացելով էին գնում»,-ասաց Շուշիի նախկին քաղաքապետը։
Նա կարևորեց ազգի համախմբումը՝ նշելով․ «Չպետք է տարբերություն դնենք՝ արցախցի, հայաստանցի, ստեփանակերտցի, երևանցի, մենք մի ազգ ենք, տղաները մի ազգի համար են զոհվել։ Մենք պետք է մի բռունցք դառնանք, որ կարողանանք հետագայում մեր հաղթանակները ձեռք բերել»։
Մանրամասները՝ տեսանյութում։










