Դավիթ Տոնոյանն ասում է՝ իրեն հնարավորություն չի տրվել վարչապետ-ՊՆ-ԳՇ եռանկյունու մեջ դերակատարություն ունենալ, սա ուղիղ մեղադրանք է վարչապետին. Արտակ Զաքարյան (տեսանյութ)

12:45 • 26.01.21

Ես Դավիթ Տոնոյանից շատ ավելի այլ ոճի, բնույթի հարցազրույց էի սպասում, հատկապես աշնանային պատերազմից հետո, այն պայմաններում, երբ ՊՆ-ն անմիջապես պատասխանատվություն է կրում բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք որոշիչ են եղել մեր պարտության համար. այս մասին հրավիրված ասուլիսին ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ օրերս տված հարցազրույցին:

Զաքարյանը նշեց, որ այդ խնդիրների մասին բազմիցս է բարձրաձայնվել՝ և՛ ընդդիմության, և՛ տարբեր մասնագետների կողմից, որոնք առայսօր մնացել են անպատասխան: «Սա շատ ցավալի է, և ցավալի է այն, որ պաշտպանության նախկին նախարարն այսօր խոսում է արդեն որևէ նշանակություն չունեցող խնդիրների մասին: Իմ տպավորությունն այն է, որ հարցազրույց էր ոչնչի մասին»,- նշեց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ Դավիթ Տոնոյանի հարցազրույցն ինքնապաշտպանական բնույթի էր, և ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը շատ մոդայիկ է դարձել այս իշխանության համար: «Կտեսնենք, որ Նիկոլն էլ անցնի արդեն պատմության գիրկը, սկսելու է ինքնապաշտպանական տարբեր տեսակի հայտարարություններ անել: Նա պատրաստ է լինելու ինքնապաշտպանության համար ամենատարբեր անհեթեթություններն ասել, հիմա դա իշխանությունների՝ կապ չունի նախկին, թե ներկա, ներկայացուցիչն է, դա իրենց գործելաոճն է: Բայց դա չի փրկում մեզ խնդիրներից և դուրս չի բերում մեզ այն իրավիճակից, որի մեջ, ցավոք, գտնվում ենք և շարունակում ենք խորանալ այդ պրոբլեմների մեջ»,- ասաց նա:

Զաքարյանի խոսքով՝ պաշտպանության նախկին նախարարի հարցազրույցը բոլորովին այլ բաների մասին պետք է լիներ, և այնտեղ ոչ մի կարևոր բան չկար: «Կային բազմաթիվ հարցեր, որոնք պետք է պատասխան ստանան, օրինակ՝ բազմիցս հնչել են պաշտպանության այն սխալները, որոնք արվել են 2 և ավելի տարիներին, այն հայտարարությունները, որոնք արվել են նաև քաղաքական, բանակցային դաշտում, դարձել են պատերազմի հրահրման պատճառներից մեկը»,- ասաց նա և հավելեց, որ Դավիթ Տոնոյանը խոսում է իրավական խնդիրների մասին, որ իրեն հնարավորություն չեն տվել պատերազմի ընթացքում որպես  վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ եռանկյունու մեջ դերակատարություն ունենալ:

«Բայց սրա մասին հաստատ կրթության նախարարը կամ «Հայրենիք» կուսակցություն չէ, որ պետք է պատասխան տա: Դա ասելը ուղիղ մեղադրանք է վարչապետին, որովհետև գերագույն  գլխավոր հրամանատարի և անվտանգության խորհրդի խնդիրն է գտնել այն էֆեկտիվ լուծումները, որ պատերազմական իրավիճակում այդպիսի հարցեր չառաջացնեին: Մենք բազմիցս ասել ենք՝ դիլետանտ գերագույն հրամանատարի գործողությունները մեզ բերել են պարտության: Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը կարող էր լավագույնս լուծել, մեր բանակն իր ամբողջ ջանքերն է դրել այս պատերազմում իր խնդիրը լուծելու համար, և մեր բանակը 26 տարի շարունակ մեզ պաշտպանել է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: