«Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ վերացրել ենք». Ռահմոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսի վերացման մասին

14:45 • 26.01.21

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարություն է տարածել երկրում կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ վերացրել ենք», –մանրամասնել է նա:

Բացի այդ, Ռահմոնը հիշեցրել է՝ մարդիկ պարտավոր են շարունակել պահպանել անվտանգության բոլոր միջոցները:

Ըստ նրա՝ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին լրացուցիչ 1,6 միլիարդ սոմոնի (ավելի քան 145 միլիոն դոլար) է հատկացրել՝ առողջապահական համակարգին աջակցելու նպատակով, որի արդյունքում երկրում շտապ գործարկվել է շուրջ 30 նոր հիվանդանոց:

Երկրի ղեկավարը հավելել է նաև, որ ավելի քան 7000 նոր հիվանդանոցային մահճակալներ են տեղադրվել վիրուսակիրների համար: Նրանց խնամել է 5400 բուժաշխատող:

Ըստ երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝  Տաջիկստանում 15 օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: