ԱՄՆ-ում կթարմացվի 20 դոլարանոց թղթադրամը. դրա վրա կհայտնվի ստրկության դեմ պայքարող կնոջ պատկերը

11:27 • 26.01.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի քննարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին հետաձգված՝ 20 դոլար արժողությամբ թղթադրամին պատկերված դիմանկարը փոխարինելու հարցը: Այս մասին հայտնում է CNBC- ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերը:

«Մենք ուսումնասիրում ենք այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղիները», – մանրամասնել է նա:

Ենթադրվում է, որ թարմացված 20 դոլարանոցի վրա պատկերված կլինի ամերիկացի աբոլիցիոնիստուհի Հարրիեթ Թաբմենի դիմանկարը, որը փախել է ստրկությունից և պայքարել ԱՄՆ-ում սոցիալական բարեփոխումների համար:

Նշենք՝ ի սկզբանե օրենքի նոր նախագիծը պետք է ներկայացվեր 2020 թ.-ին` կանանց ձայնի իրավունք տվող 19-րդ փոփոխության 100-ամյակի առթիվ, սակայն նախկին ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ նախաձեռնության իրականացումը հետաձգվում է մինչև 2028 թվականը: