Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը շիկացած լավա է ժայթքել, որը տարածվել է հրաբխից 1500 մետր շառավղով (լուսանկարներ)
Ինդոնեզիայի ամենաակտիվ գործող հրաբուխը՝ Մերապին, շիկացած լավա է ժայթքել, որը տարածվել է հրաբխից 1500 մետր շառավղով, հաղորդում է English Arabiya-ն։
Ջոկիակարտայի հրաբխագիտության և երկրաբանության կենտրոնի ղեկավար Հանիկ Հումայդան հայտնել է, որ լավայի հոսքը վերջին շրջանում ամենաերկարն է։
Նրա խոսքով՝ այժմ հայտարարվել է երկրորդ աստիճանի տագնապի մակարդակ, և մարդիկ պետք է հեռու մնան խառնարանի շուրջ 5 կիլոմետրանոց վտանգավոր գոտուց։
2968 մետր բարձրությամբ հրաբուխը գտնվում է Ճավա կղզու վրա՝ Ջոկակարտա քաղաքից ոչ հեռու, իսկ մայրաքաղաք Ջակարտայից՝ 520 կմ հեռավորության վրա։ Խոշոր ժայթքումները դիտվում են 7 տարին մեկ անգամ, իսկ փոքրերը՝ տարվա մեջ մոտ երկու անգամ: Հրաբուխը ծխում է գրեթե ամեն օր:
Մերապիի 2010 թվականի ժայթքման ժամանակ տարհանել են 350 000 մարդ, սակայն նրանցից ոմանք վերադարձել են՝ ընկնելով պիրոկլաստիկ հոսքի մեջ, որի հետևանքով մահացել է 353 մարդ։












