Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել կարանտինի կանոններն անտեսած ու գիշերային ակումբներ այցելած օրենսդիրների պատճառով
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան ներողություն է խնդրել ԶԼՄ-ներում տարածված այն հրապարակումներից հետո, որ իր ձևավորած իշխող կոալիցիայի օրենսդիրներն այցելել են գիշերային ակումբներ՝ անտեսելով կառավարության՝ COVID-19-ի տարածումը զսպելու համար տեղաշարժը սահմանափակելու հորդորները, գրում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, այս սկանդալը ևս մեկ գլխացավանք է Սուգայի համար, որի վարկանիշը կտրուկ նվազել է «համավարակը հաղթահարելու հարցում դանդաղ ու անհետևողական քայլերի համար»։
«Անչափ ցավում եմ, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մենք խնդրում ենք մարդկանց երեկոյան ժամը 8-ից հետո դուրս չգալ և խուսափել ոչ կարևոր շփումնեից»,- ասել է Սուգան։
Ճապոնիան այս ամիս Տոկիոյում և այլ շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, որպեսզի նվազեցնի COVID-19-ի դեպքերի թվի կտրուկ աճը: Արտակարգ դրությունը նաև ենթադրում է, որ ռեստորաններն ու բարերը պետք է փակվեն երեկոյան ժամը 8-ին։
Նշենք, որ ավելի վաղ ճապոնական Daily Shincho ամսագիրը հաղորդել էր, որ մի քանի օրենսդիրներ Տոկիոյում իտալական ռեստորանում ընթրիքից հետո այցելել են գիշերային ակումբներ։










