ԱՄՆ-ում ազգային ահաբեկչական վտանգի նախազգուշացում է տրվել

23:02 • 27.01.21

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հյատարարել է ազգային ահաբեկչական վտանգի վերաբերյալ՝ զգուշացնելով նախագահ Բայդենի երդմնակալությունից հետո բռնության հնարավոր ալիքի տարածման մասին:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, գերատեսչությունից չեն մատնանշել որոշակի սպառնալիք, սակայն ընդգծել են «ողջ երկրով մեկ տիրող մեծ սպառնալիքի միջավայրի մասին», որը կպահպանվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Գերատեսչությունից հայտնել են, որ տագնապային իրավիճակ հայտարարելուց առաջ խորհրդակցել են իրավապահ և հետախուզական գործակալությունների հետ:

Նախազգուշացման մեջ նշվում է, որ «գաղափարական դրդապատճառներով առաջնորդվող որոշ ծայրահեղականներ, որոնք բողոքներ ունեն կառավարական իշխանություններից և նախագահության փոխանցման գործընթացի վերաբերյալ, կարող են շարունակել բռնության գործադրումը»:

Տագնապային իրավիճակի նախազգուշացումը պայմանավորված է հունվարի 6-ին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած ապստամբությամբ, որի ժամանակ տասնյակ խռովարարներ ներխուժել էին Կապիտոլիումի շենքը՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը հաստատի Ջո Բյդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: