Սպառազինությունների կրճատման և սահմանափակման ռուս-ամերիկյան պայմանագիրը երկարաձգելը համընդհանուր անվտանգության ապահովման հարցում կարևոր ազդանշան է. Ավստրիայի ԱԳ նախարար

06:36 • 27.01.21

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին» պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը համընդհանուր անվտանգության ապահովման առումով կարևոր ազդանշան է, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդեր Շալլենբերգը:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, նախարարն ասել է, որ 2021 թ. մեկնարկում է միջուկային սպառազինությունների զսպմանն ուղղված կարևոր քայլով, և որ բոլորի անվտանգության տեսանկյունից հաղթանակ է:

Շալլենբերգը կրկին վերահաստատել է Վիեննայի պատրաստակամությունը ռուս-ամերիկյան ռազմավարական բանակցությունների անցկացման համար հարթակ լինելու հարցում:

«Այժմ միջուկային զենքի տիրապետող պետություններից նոր ազդանշաններ են պետք: Աշխարհը միջուկային սպառազինությունների վտանգավոր գալարում է գտնվում, բայց մեզ էական վերահսկողություն ու զինաթափում է անհրաժեշտ»,- նշել է Ավսրտիայի ԱԳ նախարարը:

Պայմանագիրը 5 տարով երկարաձգելու ռուս-ամերիկյան համաձայնությունը ողջունել է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը:

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի միջև կայացած առաջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին» պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: