HBO Max-ը ծրագրում է «Գահերի խաղ»-ի մոտիվներով անիմացիոն սերիալ նկարահանել․ The Hollywood Reporter
HBO Max սթրիմինգային հարթակը ծրագրում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի մոտիվներով անիմացիոն սերիալ նկարահանել: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ հաղորդման՝ նոր նախագիծը դեռևս սաղմնային փուլում է, սցենարիստների հետ բանակցություններն արդեն սկսվել են։
Նշվում է, որ առայժմ ոչ մի պայմանագիր չի կնքվել, և անիմացիոն սերիալը չնկարահանելու հավանականությունը պահպանվում է: Սթրիմինգային հարթակի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել անիմացիոն սերիալի ստեղծման մասին լուրերը։
«Գահերի խաղը» սերիալի առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին։ Այն ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաթանկ նախագծերից մեկն է: ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին եթերաշրջանը արժեցել է ավելի քան 90 մլն դոլար:
Բազմաթիվ երկրներում ժողովրդականություն վայելող սերիալն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Էմմի»-ի տասնյակ մրցանակների։










