Մեղրիի ճանապարհի դիմաց Ադրբեջանը պատրաստ էր զիջումներ, հիմա ամեն ինչ վերցրել են՝ ճանապարհն էլ ստացել, դա իրենց երազանքն էր, որը մատուցվեց․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Իհարկե լավ է, որ ճանապարհները բացվեն, կարգավորման բոլոր տարբերակների ժամանակ եղել է ապաշրջափակման հարց․Այս մասին այսօր 3 լրատվամիջոցների՝ yerevan.today-ին, politik.am-ին, hayeli.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«ՀՀ-ում 1998-2008-ին ես նախագահ եմ եղել, մեր տնտեսությունն աճել է միջինը 10,5 տոկոս տնտեսական աճով։ Վերջին 7 տարին եղել է 12,5 տոկոս։ Մենք համարվում էինք աշխարհի ամենից զարգացող երկրների տասնյակի մեջ, մի քանի տարի հնգյակի մեջ ենք եղել, Համաշխարհային բանկը մեզ զարգացման տեմպերի համար մեզ անվանում էր Կովկասյան վագր, բայց այդ ժամանակ ճանապարհը փակ էր, Թուրքիայի ճանապարհը փակ էր, հիմա թող հեքիաթներ չպատմեն, թե եթե ճանապարհը բացվի, բոլորը կսկսեն լավ ապրել»,-ասել է ն ա։
Անդրադառնալով ճանապարհի բացման հնարավոր հետևանքներին և իր մտահոգություններին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ նախ հարց է, բացվելու է, թե ոչ։
Նա հիշեցրել է, որ ճանապարհի Մեղրիի հատվածը վերահսկվելու է ռուս սահմանապահների կողմից, բայց դա մինչև ՌԴ ճանապարհի 850 կմ-ից ընդամենը 47 կմն է Մեղրիի հատվածը, մյուս հատվածի վրա ազդեցություն չենք ունենալու։
«Ադրբեջանը տարիֆային քաղաքականությամբ կարող է այնպես անել, որ այդ երկաթուղուց օգտվելն ընդհանրապես անիմաստ լինի։ 47 կմ-ով որևէ հարց չես կարող լուծել, հատկապես դա քո վերահսկողության տակ չի գտնվում։ Այստեղ ևս մի կողմն ունի լծակ, ստացել է այն, ինչին ձգտել է, մենք ունենք հույս, որ սա կաշխատի, բայց չունենք լծակ՝ որևէ կերպ պրոցեսի վրա ազդելու վրա»,-ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ նախկինում շրջափակումն օգնել է գյուղատնտեսությանը և վերամշակման արտադրությանը, իսկ հիմա մեր գյուղատնտեսությունն ու վերամշակումը մրցակից են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Ադրբեջանում էներգակիրներն ավելի էժան են՝ ունի նավթ, գազ, Թուրքիան ունի սուբսիդավորման ծրագրեր, և դա էապես հարվածելու է մեր գյուղատնտեսությանն ու վերամշակմանը։
«Պետք են լինելու կտրուկ քայլեր՝ մեր շուկան պաշտպանելու համար, բայց այս իշխանությունն ունակ չէ նման քայլերի։ Միջնաժամկետ առումով դա լինելու է խնդրահարույց։ Չի նշանակում, որ պետք չէ սահմանները բացել, փակ ճանապարհները նորմալ վիճակ չէ, բայց պետք է լինելու հստակ քայլեր՝ ներքին շուկան պաշտպանելու համար, պետք է փոխվի սուբսիդավորման քաղաքականությունը, հակառակ դեպքում մենք ուղղակի անմրցունակ ենք լինելու, հազարավոր ֆերմերային տնտեսություններ կարող են քայքայվել, հարյուրավոր բիզնեսներ անիմաստ են դառնալու»,-ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Մեղրիի ճանապարհի դիմաց Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել զիջումների։
«Մեղրիի ճանապարհը իրենց համար այն հետաքրքրությունն էր, որի համար պատրաստ էին զիջումների։ Քի-Վեսթում միջանցքով Արցախը միացվում էր Հայաստանին, դրա դիմաց ընդամենը սուվերեն ճանապարհի հարց էր լուծվում Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Հիմա ամեն ինչ վերցրել են և այդ ճանապարհն են ստացել, դա իրենց երազանքն էր, դա մատուցվեց Ադրբեջանին․ ինչ ենք ստանում դիմացը, ես չգիտեմ»,-ասել է նա։










