Լիբանանում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել

03:03 • 28.01.21

Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Այդ մասին վկայում են Կարմիր խաչի տեղական մասնաճյուղի և Շտապ օգնության ծառայության տվյալները, գրում է RT-ն:

NNA գործակալության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 226 ցուցարար և իրավապահ մարմինների ներկայացուցիչ, հաղորդում է ունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի Տրիպոլի քաղաքում խռովարարները մարտական նռնակներ են կիրառել ոստիկանության աշխատակիցների դեմ:

Տրիպոլիում արդեն երեք օր է, ինչ շարունակվում են ցույցերն ու բախումները ցուցարարների և ոստիկանության միջեւ: Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են միջոցներ ձեռնարկել կյանքի պայմանները բարելավելու ուղղությամբ և վերացնել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով սահմանված պարետային ժամը: Ցուցարարները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ, ինչպես նաև նրանց մեղավոր են համարում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների սոված լինելու մեջ: