Նորվեգիայում Tesla-ն էլեկտրամեքենաների սեփականատերերին 16 000-ական դոլար կվճարի՝ մեքենաների լիցքավորումը դանդաղեցնելու պատճառով
Նորվեգիայի դատարանն ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությանը պարտավորեցրել է 16 000-ական դոլար վճարել Model S և Model X էլեկտրական մեքենաների սեփականատերերին՝ Supercharger կայաններում էլեկտրամոբիլների լիցքավորումը դանդաղեցնելու պատճառով, փոխանցում է Electrek-ը:
«Եթե բողոքարկում չլինի, Tesla-ն ստիպված կլինի 16 000-ական դոլար վճարել երկրի հազարավոր բնակիչների, որոնք տուժել են»,-մանրամասնում է թերթը և հավելում՝ տուգանքը կարող է ավելին լինել, քանի որ այլ երկրներում դատական գործընթացը դեռևս մշակման փուլում է:
2014 թվականին արտադրված Model S 85-ի սեփականատերերից մեկի խոսքով՝ սկզբում իր մեքենան կարող էր 1 լիցքավորմամբ 397 կիլոմետր անցնել, բայց մայիսի 13-ին թարմացումից հետո՝ ընդամենը 349 կիլոմետր:
Ընկերությունը նշել է, որ արդիականացման ծրագրի նպատակներից մեկը մարտկոցը պաշտպանելն ու դրա «կյանքի տևողությունը երկարացնելն է»:
Հիշեցնենք՝ մեքենաների համար նախատեսված վերջին թարմացումից հետո սեփականատերերը բողոքել են, թե Tesla-ի լիցքավորումն ավելի դանդաղ է ընթանում:










