Բելգիան թրոմբոզի առաջացման դեպքի ֆոնին դադարեցրել է Johnson & Johnson պատվաստանյութի օգտագործումը 41 տարեկանից ցածր մարդկանց համար

16:15 • 26.05.21

Բելգիան որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել մինչև 40 տարեկան բնակիչների հակակորոնավիրուսային պատվաստումը Johnson & Johnson ընկերության արտադրած պատվաստանյութով՝ պատվաստված անձանցից մեկի կասկածելի մահվան պատճառով:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի նախարարների համաժողովի որոշումը:

Նշվում է՝ 41-ամյա կինը, որը նախկինում պատվաստվել էր Johnson & Johnson-ի պատվաստանյութով, մահացել է Բելգիայի հիվանդանոցներից մեկում` թրոմբոզի ախտանիշներով: Նա եղել է արտասահմանյան դեսպանատան աշխատակից, որը պատվաստվել է իր գործատուի կողմից, այլ ոչ թե բելգիական հակակորոնավիրուսային պատվաստումների արշավի շրջանակում:

Մասնագետները խոստովանում են, որ մահվան դեպքը հնարավոր է առնչություն ունի պատվաստանյութի հետ: Հանգամանքները դեռևս ուսումնասիրվում են:

«Որպես նախազգուշացում՝ Բելգիան որոշում է կայացրել 41 տարեկանից ցածր անձանց պատվաստելիս ժամանակավորապես չկիրառել այս պատվաստանյութը»,- ասվում է հաղորդագրությունում ու նշվում՝ այնուամենայնիվ, այս պատվաստանյութով Բելգիայի այլ բնակիչների պատվաստումները կշարունակվեն:

Հիշեցնենք՝ Բելգիայում բնակչությանը կորոնավիրուսից պատվաստելու համար օգտագործվում է ԵՄ կողմից հաստատված չորս պատվաստանյութ՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca և J&J:

Նշենք՝ դեղամիջոցների եվրոպական կարգավորիչը նախապես նախազգուշացրել էր, որ AstraZeneca և J&J պատվաստանյութներով պատվաստվելիս արձանագրվել են թրոմբոզի առաջացման դեպքեր: Այս հազվադեպ հանդիպող և վտանգավոր կողմնակի ազդեցությունն ավելացվել է դեղերի նկարագրությունների բաժնում, և պատվաստողներին հանձնարարվել է տեղեկացնել հիվանդներին  այս մասին, ինչպես նաև պատվաստումից հետո վերահսկել նրանց առողջական վիճակը:

 

 

Բելգիան թրոմբոզի առաջացման դեպքի ֆոնին դադարեցրել է Johnson & Johnson պատվաստանյութի օգտագործումը 41 տարեկանից ցածր մարդկանց համար