Կանադան մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում լուսնագնաց իջեցնել Լուսնի վրա
Կանադացի տիեզերագնացը կդառնա ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Արտեմիս 2» ծրագրի անդամ, իսկ Կանադան առաջիկա հինգ տարիներին լուսնագնաց կուղարկի Լուսին:
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է երկրի նորարարության, գիտության ու արդյունաբերության նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը:
«Կանադան կդառնա տիեզերական պատմության մի մասը: Կանադացին կմասնակցի «Արտեմիս 2» առաքելությանը, որը 1972 թվականից ի վեր իրականացվող առաջին մարդատար առաքելությունն է դեպի Լուսին»,- գրել է նա:
Բացի այդ, Շամպայնը նշել է, որ «Կանադան նախատեսում է լուսնագնաց իջեցնել Լուսնի վրա առաջիկա 5 տարվա ընթացքում՝ երկրի տիեզերական հատվածը հետագա ուսումնասիրությունների համար պատրաստելու նպատակով»: Այլ մանրամասներ պաշտոնյան չի հաղորդել:
Հիշեցնենք՝ 2020-ի դեկտեմբերի վերջին ՆԱՍԱ-ն և Կանադական տիեզերական գործակալությունը համաձայնության էին եկել «Արտեմիս» և «Լուսնային դարպասներ» (Lunar Gateway) լուսնային ծրագրերի շրջանակում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի շուրջ:










