ՆԱՍԱ-ն Ծիր Կաթինի «վայրի էներգիան» պատկերող նոր լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունը լուսանկար է հրապարակել` բացահայտելով մեր գալակտիկայի` Ծիր Կաթինի կենտրոնական «վայրի էներգիան» պատկերող տեսարանը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, տպավորիչ պանորամային պատկերն ստացվել է ՆԱՍԱ-ի Chandra X-ray աստղադիտարանի և Հարավային Արիկայում տեղակայված MeerKAT ռադիո աստղադիտակի տվյալների օգտագործմամբ:
«Գալակտիկան էկոհամակարգի նման է: Մենք գիտենք, որ գալակտիկաների կենտրոններն են այն վայրերը, որտեղ տեղի են ունենում ակտիվ գործողությունները և հսկայական դեր խաղում դրանց էվոլյուցիայի հարցում»,- մեկնաբանել է Մասաչուսեթսի համալսարանի աստղագետ Դանիել Վենգը:
Նրա խոսքով` մեր գալակտիկան բարդ է ուսումնասիրել, քանի որ այն պատված է գազի և փոշու մշուշով, սակայն հետազոտողներին հաջողվել է ներթափանցել գալակտիկայի կենտրոն Chandra X-Ray աստղադիտարանի օգնությամբ, քանի որ այն նկատում է ոչ միայն տեսանելի լույսերը, այլ ռենտգենյան ճառագայթները:












