Ստեղծվել են 4000-5000 տարի առաջ. Շոտլանդիայի հնագույն դամբարանում հայտնաբերվել են ազնիվ եղջերուների նախապատմական փորագրություններ (լուսանկարներ)
Շոտլանդիայի ամենահայտնի նեոլիթյան դամբարաններից մեկում հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայում իրենց տեսակի մեջ ամենահինը համարվող ազնիվ եղջերուի նախապատմական փորագրություններ, գրում է The Daily Mail-ը:
Երկու չափահաս ազնիվ եղջերուի և մի քանի անչափահաս եղջերուների փորագրությունները պատահաբար հայտնաբերվել են Արգիլի Կիլմարտին Գլեն շրջանում, որտեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի նեոլիթի և բրոնզի դարաշրջանին պատկանող հուշարձանների ամենահարուստ խմբաքանակներից մեկը:
Հնէաբանների գնահատմամբ՝ փորագրությունները ստեղծվել են 4000-5000 տարի առաջ՝ նեոլիթ և վաղ բրոնզեդարյան դարաշրջանում: Դրանց կողքին նրանք նկատել են տարաների և մատանիների նախապատմական պատկերներ, որոնք ավելի վաղ հայտնաբերվել էին Կիլմարտին Գլենում:
Նշվում է՝ եղջերուներին հայտնաբերել է Օքսֆորդշիր նահանգի հնագետ Համիշ Ֆենտոնը, որը ժամանակին ուսումնասիրել է Դանչրեյգեյգի բուրգը (Dunchraigaig Cairn): Նրա խոսքով, երբ անցել է շինության կողքով, փոփոխություն է նկատել դրա վրա և միանգամից լապտերով «սայթաքել է» ներս:
«Երբ լապտերով զննում էի շուրջս, տանիքի սալիկի ներքևի մասում նախշ էի նկատել, որը կարծես ժայռի բնական հետք չլիներ: Ես տեսնում էի, թե ինչպես եմ գլխիվայր նայում եղջերուներին, և երբ շարունակում էի շուրջս նայել, ավելի շատ կենդանիներ էին հայտնվում ժայռի վրա»,- մանրամասնել է նա:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ մասնագետներն արդեն իսկ աշխատում են դեպքի վայրում: Նրանք 3D սկանավորում են իրականացրել և թվային մոդելներ պատրաստել՝ փորագրություններն ուսումնասիրելու համար:
Ծրագրի գլխավոր փորձագետ, դոկտոր Թերզիա Բարնեթի խոսքով՝ դրանք նախապատմական կենդանիների առաջին փորագրություններն են, որոնք հայտնաբերվել են Շոտլանդիայում:



















