Արկտիկան սպասվածից 2 անգամ արագ է կորցնում սառույցը. գիտնականներ

14:05 • 04.06.21

Լոնդոնի Բրիտանական համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ Արկտիկայի առափնյա շրջաններում ծովային սառույցը նոսրանում է երկու անգամ ավելի արագ, քան նախկինում էին կարծում: Այս մասին հայտնում է france24.com կայքը` հղում կատարելով The Cryosphere պարբերականում հրապարակված ուսումնասիրությանը:

Սառույցի վրա ձյան շերտի բարձրության առավել ժամանակակից քարտեզների օգտագործմամբ վերլուծությունը ցույց է տվել, որ հալման արագությունը գերազանցում է սահմանված տեմպը 70-ից 100%-ով:

Հայտնի է, որ ծովի սառույցի հաստությունը գնահատվում է ջրի մակերեսից դրա բարձրության չափման ճանապարհով: Այնուամենայնիվ, արդյունքները հաճախ շեղվում են այն պատճառով, որ ձյունը ծանրացնում է սառույցը:

Գիտնականները ճշգրտել են ցուցանիշը՝ օգտագործելով ձյան բարձրության նորացված քարտեզը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակը: Բացի այդ, գնահատումը լրացրել է ԱՄՆ-ի Կոլորադոյի պետական համալսարանի հետ համագործակցությամբ մշակված ձյան նոր մոդելը:

Համատեղ արդյունքները ցույց են տալիս, որ ծովային սառույցը նոսրանում է շատ ավելի արագ, քան ենթադրվում էր:

Նշվում է, որ ծովային սառույցի հաստությունն ամբողջ տարածաշրջանում որոշիչ է և «Արկտիկայի առողջության զգայուն ցուցիչն է»:

Արկտիկան սպասվածից 2 անգամ արագ է կորցնում սառույցը. գիտնականներ