Դանիայի ռազմաօդային ուժերն աշխարհում առաջին անգամ էլեկտրական ինքնաթիռներ են կիրառելու
Դանիայի ռազմաօդային ուժերն աշխարհում առաջին անգամ կիրառելու են էլեկտրական ինքնաթիռներ՝ մեկ շարժիչ ունեցող «Pipistrel Velis Electro»-ը՝ արտադրված սլովենական «Pipistrel» ընկերության կողմից, որի անձնակազմը երկու անձից է բաղկացած լինելու:
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, 2021 թ. աշնանը ինքնաթիռների մատակարարումը կիրականացնի ֆրանսիական «Green Aerolease» ընկերությունը: Էլեկտրական ինքնաթիռները երկու տարվա փորձաշրջան պետք է անցնեն:
Էլեկտրական ինքնաթիռների արտադրության կազմակերպումը գործնական տեսք է հաղորդում նաև «կանաչ տեխնոլոգիաների» կիրառման դանիական մոտեցմանը: Այս տիպի ինքնաթիռները վնասակա միացություններ չեն արտանետելու մթնոլորտ, իսկ թռիչքի ընթացքում առաջացող աղմուկի մակարդակը համեմատաբար ցածր է լինելու՝ չգերազանցելով 60 դեցիբելը, ինչը համապատասխանում է երկու մարդու զրույցի ձայնային ուժգնությանը:










