Իրանը ցուցադրել է նոր զենիթահրթիռային համալիրը` նախատեսված անօդաչուների դեմ պայքարի համար (տեսանյութ)
Իրանը ստեղծել է գործողության կարճ շառավիղով նոր զենիթահրթիռային համալիր, որը ստացել է 9 Dey անվանումը, գրում է Военное Обозрение-ն` նկատելով, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այն ներկայացրել էր դեռևս մայիսի 21-ին, սակայն դրա վերաբերյալ տեղեկությունը հիմա է հրապարակվել:
Նոր ԶՀՀ-ն ստեղծվել է գործողության միջին շառավիղով Khordad-3 ԶՀՀ-ի հիման վրա, որը, իր հերթին, համեմատելի է ռուսական արտադրության Բուկ Մ1-ի հետ:
9 Dey-ի տեխնիկական բնութագիրը հայտնի չէ, սակայն ռադարն ու փոխադրման հիմքը համարժեք են Khordad-3-ին: Դատելով տեսանյութից` ԶՀՀ-ն ունի երկու կոնտեյներ, որոնցից յուրաքանչյուրում` 4 հրթիռ: Նշվում է, որ այն նախատեսված է թևավոր հրթիռներ որսալու, անօդաչու սարքերի, ուղղաթիռների և ռումբերի դեմ պայքարի համար:
Նշվում է, որ համալիրն արդեն դրվել է սերիական արտադրության:
Իրանը, չնայած տևական ժամանակ գտնվում է Արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ, սակայն բավականին հաջող մշակում և արտադրում է ՀՕՊ համակարգեր` կիրառելով խորհրդային/ռուսական կամ չինական մշակումներ:










