«5 տարեկանից երազել եմ այդ մասին»․ աշխարհի ամենահարուստ մարդը հուլիսի 20-ին կթռնի տիեզերք

16:08 • 07.06.21

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հուլիսի 20-ին իր Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավով եղբոր՝ Մարկ Բեզոսի հետ կուղևորվի տիեզերք:

«Հինգ տարեկանից երազել եմ տիեզերք թռնելու մասին։ Հուլիսի 20-ին եղբորս հետ կմեկնեմ այդ ուղևորությանը։ Կյանքիս ամենակարևոր իրադարձությունը՝ լավագույն ընկերոջս հետ»,- Instagram-ում գրել է Բեզոսը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Ավելի վաղ Blue Origin ընկերությունն առցանց աճուրդ էր սկսել, որով խաղարկում էր հուլիսի 20-ին տիեզերք ուղևորվող New Shepard տիեզերանավի 1 ուղևորային տեղ․ հաջողակի անունը հայտնի կլինի հունիսի 12-ին։

Blue Origin ընկերությունը հայտնել է, որ Ջեֆ և Մարկ Բեզոսները տիեզերք կթռնեն աճուրդի հաղթողի հետ։ Blue Origin-ը New Shepard տիեզերանավի 15 փորձնական թռիչք է իրականացրել, վերջինը՝ ապրիլի կեսերին։

 

«5 տարեկանից երազել եմ այդ մասին»․ աշխարհի ամենահարուստ մարդը հուլիսի 20-ին կթռնի տիեզերք