«ՆԱՍԱ-ն չբացահայտված թռչող օբյեկտների առնչությամբ կսկսի իր առանձին հետաքննությունը»․ ՆԱՍԱ-ի ղեկավար
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) նոր ղեկավար Բիլ Նելսոնը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՍԱ-ն ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչուների նկարահանած չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) առնչությամբ կսկսի իր առանձին «հետաքննությունը»։
«Մենք չգիտենք՝ արդյոք դրանք այլմոլորակային ծագում ունեցող տիեզերանավեր են, թշնամական օբյեկտներ, թե օպտիկական երևույթներ։ Հիմնվելով ռազմածովային ուժերի օդաչուների նկարագրությունների վրա՝ չենք կարծում, որ դրանք օպտիկական երևույթներ են։ Ինչևէ, էականն այն է, որ բոլորս ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը»,- ասել է Նելսոնը։
Նրա խոսքով՝ քիչ հավանական է նաև, որ դրանք այլմոլորակային ծագում ունեցող տիեզերանավեր են, սակայն նշել է, որ ՆԱՍԱ-ն կուսումնասիրի բոլոր հնարավոր տարբերակները։
Վերջին տարիներին ԱՄՆ-ում այս երևույթի վերաբերյալ խոսակցություններն ավելի հաճախակի են դարձել երկրի արևելյան և արևմտյան ափերի մոտ չբացահայտված թռչող օբյեկտների կադրերի հրապարակումից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ջեյմս Քորդենի երեկոյան շոուի եթերում խոսել էր Պենտագոնի գաղտնի պահոցների մասին, որտեղ, նրա խոսքով, պահվում են «թռչող ափսեների» լուսանկարները։
Օբաման խոստովանել էր, որ երբ 2008թ. նախագահ է ընտրվել, փորձել է պարզել` արդյոք ԱՄՆ-ն ունի գաղտնի լաբորատորիաներ, որոնք վկայում են վերերկրային քաղաքակրթության գոյության մասին:
«Նրանք փոքր հետաքննություն անցկացրին ու տվեցին բացասական պատասխան»,-ասել էր Օբաման` միևնույն ժամանակ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, գոյություն ունեն լուսանկարներ և տեսագրություններ, որոնցում չբացահայտված թռչող օբյեկտներ են և դրանց ծագումը պարզելն անհնար է:
«Հստակ չգիտենք` դրանք ինչ են: Չենք կարող բացատրել` ինչպես են դրանք շարժվել, դրանց հետագիծը»,-եզրափակել էր Օբաման:










