Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ տիեզերական հրթիռ ստեղծել, ինչպես նաև տիեզերակայան կառուցել

13:17 • 17.06.21

Թուրքիան դիտարկում է Ռուսաստանը որպես միջին դասի սեփական հրթիռների մշակման և ստեղծման հարցում պոտենցիալ գործընկեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը, գրում է vz.ru-ն:

«Մենք դեռ այն մակարդակի վրա չենք, որ ինքնուրույն պատրաստենք նման հրթիռներ: Մենք, իհարկե, աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց առայժմ միջազգային համագործակցության կարիք ունենք: Այս առումով Ռուսաստանը կարող էր լավ գործընկեր դառնալ: Մեր բանակցությունների ընթացքում մենք նույնպես քննարկում ենք դա»,- GLEX համաժողովում ասել է Յըլդըրըմը: 

Նշվում է՝ Թուրքիային պետք կլինի 2-4 տոննա բեռնունակությամբ և մոտ 300 տոննա նախնական զանգվածով հրթիռ`հասարակածային երկրներից մեկում կառուցվելիք տիեզերակայանից այն գործի դնելու համար:

Յըլդըրըմի խոսքով՝ այժմ Թուրքիան բանակցություններ է վարում 3 երկրի հետ, որոնց տարածքում ցանկանում է կառուցել տիեզերակայան: Այնուամենայնիվ, նա չի նշել երկրների անունները, բայց հստակեցրել է, որ տիեզերակայանը պետք է լինի ծովի ափին և հասարակածին մոտ: Նրա խոսքով՝ քարտեզին նայելիս պարզ է, թե որ պետություններն են քննարկվում:

Թուրքական գործակալության ղեկավարը հայտնել է նաև, որ տիեզերակայանը նախատեսվում է օգտագործել նաև կոմերցիոն ծառայություններ տրամադրելու համար:

Յըլդըրըմի խոսքով՝ մինչ 2029 թվականը, երբ նախատեսվում է Լուսին ուղարկել թուրքական ռովերը, երկիրն արդեն կունենա այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան ամբողջովին ինքնուրույն արտադրել դրանք:

Հիշեցնենք՝ տարվա սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել էր ազգային տիեզերական ծրագիրը: Նա առաջարկել էր տիեզերք ուղարկել երկրի առաջին քաղաքացուն, կառուցել սեփական տիեզերակայանը և մինչև 2023 թվականի վերջը Լուսին ուղարկել իջեցվող սարք, իսկ տասնամյակի վերջին՝ առաջին լուսնագնացը:

 

 

Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ տիեզերական հրթիռ ստեղծել, ինչպես նաև տիեզերակայան կառուցել