«Միսս աշխարհ» մրցույթի մասնակիցն Իսպանիայի խոշորագույն ընկերություններից 4,6 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացել թագավոր Խուան Կառլոսի հետ իր սիրավեպը գաղտնի պահելու համար

22:18 • 02.12.21

Իսպանիայի երեք խոշորագույն ընկերությունները նախկին թագավոր Խուան Կառլոսի ենթադրյալ սիրուհուն վճարել են 4,6 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրանց սիրավեպի մասին ապացույցները գաղտնի պահելու համար, ասվում է ոստիկանության նախկին կոմիսարի՝ արտահոսած հուշագրերում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Repsol, Santander և Telefonica ընկերությունները 1990-ականներից սկսած մաս-մաս 1,8 միլիոնական ֆունտ ստեռլինգ են վճարել Իսպանիայի անվտանգության ծառայություններին, որոնք այնուհետև գումարը փոխանցել են մոդել, «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Բարբարա Ռեյին:

Նշվում է, որ գումարի փոխանցման ուղին փոխվել է այն բանից հետո, երբ 1996-2006 թվականներին Իսպանիայի վարչապետ Խոսե Մարիա Ազնարը հանդիպել է Repsol-ի ղեկավար Ռամոն Բլանկո Բալինին և խնդրել նրան իրեն փոխանցել միջոցները՝ հավաստիացնելով, որ մյուս ընկերությունները նույնպես վճարում են:

Այս պատմությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Էմիլիո Ալոնսո Մանգլանոն իր հուշերում պնդել է, որ Ռեյն իր և թագավոր Կառլոսի մասնակցությամբ տեսաերիզներ ունի և մեծ գումարներ է ստացել դրանք գաղտնի պահելու համար:

Ռեյը հերքել է, որ երբևէ գումար է ստացել Խուան Կառլոսից կամ նրա շրջապատից որևէ մեկից: Օրագրում նշված ընկերություններից ոչ մեկը չի մեկնաբանել տեղեկությունը:

Խուան Կառլոսը գահից հրաժարվել է 2014-ին: