Մենք ավելի երևացող կետ կարող ենք դառնալ աշխարհի IT քարտեզի վրա․ Հարություն Բաղդասարյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում
Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Հայաստանի տեխնոլոգիական աշխատաշուկայում առկա հիմնական մարտահրավերների և հնարավորությունների մասին Tert.am-ը զրուցել է DISQO ստարթափի ծրագրավորման թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանի հետ։
Խոսելով այն մասին, թե ՌԴ-ից Հայաստան ժամանած ՏՏ ոլորտի մասնագետների գործունեության արդյունքում ի՞նչ փոփոխություններ է կրել տեխնոլոգիական աշխատաշուկան, Հարություն Բաղդասարյանը նշեց․«Հայաստանում սովորաբար մեծ դժվարություն ենք ունեցել թիմում պատշաճ մակարդակի մասնագետներ ներգրավելու առումով, թեև դրա կողքին ունեցել ենք նաև հաջողված դեպքեր, բայց «Hyper-growt»-ի պահանջներին դա սովորաբար չէր բավարարում։ Դրսից որակյալ մասնագետների ներհոսքի ալիքը ես համարում եմ որպես նոր հնարավորություն՝ կազմակերպությունները փորձառու մասնագետներով համալրելու առումով։ Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղերի ստեղծում։ Երբ կազմակերպությունը ունենում է փորձառու մասնագետների կարիք, շահավետ չի լինում այդ բացը միջին փորձառության մասնագետներով լրացնելը։ Եվ, երբ քո առաջ խնդիր կա արագ աճ գրանցելու, ոչ փորձառու մասնագետների պակասը բերում է հնարավորությունների կրճատման։ Օգտագործելով այս հնարավորությունը, որն առաջացել է դրսից մասնագետների առկայության շնորհիվ, մենք կարողանալու են նոր աշխատատեղեր բացելով՝ աշխատանքի ընդունել Mid և Associate մասնագետների և ներառել նրանց բիզնեսի մեջ։ Վստահ եմ, եթե այս նույն մոդելը կիրառենք այն ստարթափերում, որոնք աճելու փուլում են, հնարավոր կդարձնենք նոր աշխատատեղերի բացումը»։
Անդրադառնալով այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք սիներգիա տեղական և դրսից ժամանած մասնագետների միջև, թե՞ մրցակցությունն այս պարագայում գերակայող է լինելու, Հարություն Բաղդասարյանն ասաց․ «Կարծում եմ և՛ սիներգիան է հնարավոր, և՛ մրցակցությունը, ու դա շատ առողջ մոդել է։ Այդպիսով մենք ավելի երևացող կետ ենք դառնալու աշխարհի IT քարտեզի վրա, որովհետև տեղի է ունենում մրցակցություն, նոր կազմակերպությունների ստեղծում և ի վերջո այդ կազմակերպություններից են ծնվում նոր ստարթափեր։ Այս դեպքում մեծանում է հավանականությունը, որ փորձառու մասնագետները մի կազմակերպությունից անցնելով մեկ այլ կազմակերպություն՝ կհիմնեն իրենց նոր բիզնեսը»։
Տեխնոլոգիական աշխատաշուկայում առկա հիմնական մարտահրավերը Հարություն Բաղդասարյանը համարում է փորձառու մասնագետների սակավությունը։
«Փորձառու մասնագետների պակասը խանգարում է բիզնեսի արագ և օպերատիվ աճին։ Եվ հենց դրա համար է, որ դրսից մասնագետների առկայությունը ճիշտ օգտագործելու դեպքում կկարողանանք ստեղծել նոր ստարթափեր և կազմակերպություններ»,- ասաց DISQO ստարթափի ծրագրավորման թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը։










