Հայաստանում արագ զարգացող IT ինդուստրիան ունի որակյալ մասնագետների և կապիտալի պակաս․ Վահան Քերոբյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում (տեսանյութ)

16:23 • 25.05.22

Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։

Խոսելով Հայաստանում ստարթափ էկոհամակարգերի առջև ծառացած հիմնական խնդիրների և դրանց լուծումների մասին, Քերոբյանը նշեց․«Ինչպես գիտեք Հայաստանում IT ինդուստրիան բավականին արագ զարգացող ինդուստրիա է և տարեկան աճում է մոտավորապես 25-30%-ի չափով։ Մինչև այս տարի գլխավոր և ամենամեծ խնդիրներն այն էին, որ նախ չկային բավարար քանակի բարձրակարգ մասնագետներ և չկար բավարար չափի կապիտալ, որպեսզի հայկական ընկերությունները կարողանային արագորեն աճել ամբողջ աշխարհում։ Այս տարի իրավիճակը մի փոքր փոխվել է, քանի որ Հայաստանում գտնվում են տասնյակ հազարավոր բարձրակարգ IT մասնագետներ, նրանց մի մասը աշխատում է հենց այն ընկերություններում, որոնք տեղափոխվել են, իսկ մյուս մասը աստիճանաբար աշխատանքի է ընդունվում հայկական ընկերություններում։ Այս ամենի ֆոնին տեսնում ենք, որ մեծ քանակությամբ մասնագետներ վերապրոֆիլավորվում են, որպեսզի մտնեն IT ինդուստրիա»։

 

Որպես հաջորդ խնդիր, Վահան Քերոբյանը, նշեց, որը այն կապված է վենչուրային կապիտալի առկայության հետ, որը ևս աստիճանաբար լուծվում է, թեև գլխավոր խնդիրներն առջևում են։ «Հայաստանում արդեն կա մոտ 10 վենչուրային ընկերություն, որոնք տրամադրում են նախասաղմնային և սաղմնային ֆինանսավորում, սակայն առայժմ չկան ընկերություններ, որոնք կարող են Seria A ֆինանսավորման ռաունդ փակել Հայաստանում։ Այստեղ կառավարության խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է օգնել, որպեսզի ստեղծվեն այնպիսի վենչուրային ընկերություններ, որոնք կարող են ընդհուպ մինչև Seria A ֆինանսավորման ռաունդ փակել։ Կառավարությունը արդեն ներդրում է  արել ազգային վենչուրային հիմնադրամի մեջ, չենք դադարեցնելու մեր ջանքերը այդ ֆինանսական ենթակառուցվածքը կառուցելու ուղղությամբ»։

Անդրադառնալով այն հարցին, թե տեխնոլոգիական ընկերությունների աջակցման ի՞նչ քաղաքականություն է որդեգրել պետությունը, Քերոբյանն ասաց․

«Մենք ունենք բավականին լավ հարկային արտնություններ, որոնք այս տարի մեկ կոմպոնենտով ավելացան։ Մենք առանձնացրել ենք 10 խմբի հարցեր, որոնք կօգնեն Հայաստանում գլոբալ ձեռնարկատերերին իրենց համար հարմար միջավայր գտնել։ Դրանք բաժանված են երեք մեծ խմբերի՝ բիզնես կարիքներ, ադմինիստրատիվ կարիքներ և ընտանեկան կարիքներ։ Բիզնես կարիքների մեջ մեր լուծելու խնդիրները բիզնեսի օմբորդինգն է, կոմերցիոն անշարժ գույքը, Երևանի կապվածությունը ամբողջ աշխարհին և իրավական համակարգի հասկանալիությունը։ Ադմինիստրատիվ կարիքները փաստաթղթաշրջանառության պարզեցումն է, պետական ծառայությունների թվայնացումը և ֆինանսական ենթակառուցվածքի զարգացումը։ Ընտանեկան կարիքների մեջ մտնում են բնակարանային անշարժ գույքը, երեխաների կրթությունը և բժշկությունը։ Այս բոլոր կարիքների վերաբերյալ ունենք մոտ 47 տարբեր նախաձեռնություններ։ Նշված խնդիրների լուծման պարագայում Երևանը կդառնա մրցունակ՝ տեխնոլոգիական ձեռնարկատերերին Հայաստան ներգրավվելու առումով»,–ասաց Էկոնոմիկայի նախարարը։

Բացի այդ, նա նշեց, որ տեխնոլոգիական կլաստերի հիմնումը նոր հնարավորություններ կարող է առաջացնել, առաջին հերթին Հայաստանի տնտեսության արտադրողականության բարձրացման առումով։ Նրա խոսքով՝ մեծաքանակ բարձրակարգ մասնագետների առկայությունը Հայաստանում թույլ է տալու արագ բարձրացնել երկրի ոչ միայն բարձրագույն տեխնոլոգիական ոլորտի արտադրողականությունը, այլև մի շարք հարակից ոլորտների։

«Սա շատ կարևոր նախապայման է երկրի առաջանցիկ զարգացման համար։ Այս ամենի մեջ ամենամեծ ռիսկը, որ տեսնում ենք, գնաճի աքսելերացիան է, որի պարագայում հնարավոր է ավելանա բնակչության որոշ մասի աղքատության ավելացման մակարդակը։ Այստեղ կառավարության հիմնական անելիքը պետք է լինի եկամուտների հավասար բաշխումը՝ սոցիալական խմբերի հավասար զարգացումը ապահովելու համար»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանում արագ զարգացող IT ինդուստրիան ունի որակյալ մասնագետների և կապիտալի պակաս․ Վահան Քերոբյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում (տեսանյութ)