Լոկալ ընկերությունները պետք է բաց լինեն և օգնեն այն ընկերություններին, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան, այսկերպ կզարգանա տեղական ՏՏ շուկան․ Նարեկ Սաֆարյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

17:02 • 25.05.22

Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանի հետ։

Խոսելով այն մասին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանը հետ չմնա արագ զարգացող տեխնոաշխարհում կատարվող նորարարություններից և փոփոխություններից, Նարեկ Սաֆարյանը ասաց․

«Հայաստանը բնական ճանապարհով արդեն գնում է այդ ուղղությամբ։ Տեխնոլոգիական սեկտորը մեր երկրում, եթե բաժանենք բնակչության տոկոսային հարաբերակցության վրա, գնալով շատանում է։ Բնականաբար աճելու հետ կապված խնդիրներ կան, բայց այն, որ բոլոր ընկերությունները, այդ թվում՝ Renderforest-ը և կրթական ոլորտը ակտիվ վերապատաստում են նոր կադրեր, փաստ է։ Սակայն, որքան էլ նոր կադրեր են թողարկվում կրթական հաստատությունների և ընկերությունների կողմից, կադրերի «քաղցը» դեռ շարունակվում է։ Սա նշանակում է, որ այս ոլորտում մենք ունենք աշխատուժի մեծ պահանջարկ, բայց նույն արագությամբ չենք կարողանում  ապահովել համապատասխան կրթական մակարդակ։ Այսինքն՝ պահանջարկ-առաջարկ հարաբերակցության խախտում ունենք, որը, հույս ունեմ, կրթության տարածման շնորհիվ կլուծվի։ ՏՏ ընկերությունները պետք է օգնեն և աջակցեն կրթական հաստատություններին, քայլեր, իհարկե արվում են, բացվում են տարբեր «Hub»-եր, կրթական փոքր խմբեր, որոնք աջակցում և ուղղորդում են, որպեսզի կրթության ոլորտը բարձրանա ու համապատասխանի շուկայի պահանջներին»։

Նարեկ Սաֆարյանն ասաց, որ իրենք նույնպես այդ առումով փորձում ենք աշխատանքներ տանել, և հաշվի առնելով, որ Հայաստանում իսկապես կադրերի պակաս կա՝ մտածում են կրթական կենտրոն ստեղծել, որը որոշ չափով կլուծի շուկայում առկա կադրերի պակասի հարցը։

Նարեկ Սաֆարյանի կարծիքով՝ ՌԴ-ից ՀՀ ժամանած ՏՏ ոլորտի մասնագետների և տեղական ՏՏ համայնքի միջև հնարավոր է սիներգիա։

«Մեզ հետ վերջերս կապվել է ռուսական խոշոր «Semrush» IT ընկերությունը և ցանկանում էր 150-ից ավելի աշխատակցի տեղափոխել Հայաստան, զգում էինք, որ իրենք աջակցության կարիք ունեն։ Քանի որ չունեն կոնտակտներ, չեն ճանաչում շուկան, փորձեցինք օգնել իրենց մանրամասն տեղեկատվություն տալով՝ սկսած ամենատարրական հարցերից։ Արդյունքում նրանք տեղափոխվեցին Հայաստան։ Լոկալ ընկերությունները պետք է բաց լինեն և օգնեն այն ընկերություններին, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան։ Այսկերպ միայն կզարգանա տեղական ՏՏ շուկան, սա ես դիտարկում եմ որպես առավելություն։ ՀՀ տեղափոխված կադրերը միայն բարձացնում են մեր աշխատաշուկայի որակը, իրենք բերում են նոր մշակույթ, նոր փորձ, երբեմն նաև կրթում են տեղական մասնագետներին։ Տեղական շուկայում լավ մասնագետների կարիքը լրացնելու արագ տարբերակը ՌԴ-ից եկած մասնագետներով այդ բացը համալրելն է, իսկ  դանդաղ տարբերակը՝ կրթությունը։ Մենք ունեցել ենք հաստիքներ, որոնք ամիսներ շարունակ չենք կարողացել լրացնել համապատասխան մասնագետ չունենալու պատճառով։ ՌԴ-ից մասնագետների ներհոսքից հետո հնարավոր դարձավ այդպիսի մասնագետներ ներգրավելը։ Այս լուծումները, իհարկե, կարճաժամկետ լուծումներ են, ՏՏ ոլորտում առկա խնդիրների երկարաժամկետ և հիմնարար լուծումը կրթությունն է»,- ասաց Նարեկ Սաֆարյանը։

Լոկալ ընկերությունները պետք է բաց լինեն և օգնեն այն ընկերություններին, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան, այսկերպ կզարգանա տեղական ՏՏ շուկան․ Նարեկ Սաֆարյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում