Միգուցե ձեր համար ընդգծված կարևոր մարդիկ են, մեզ համար քրգործը քրգործ է․ ՔԿ փոխնախագահը՝ Սաշիկ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի որդիների կալանքի մասին
Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ թե ինչու Սյունիքի նախկին մարզպետի՝ Մելիքսեթ Պողոսյանի որդին, որը հետախուզման մեջ է սպանության փորձի, ապօրինի զենքի հետ կապված, հիմա կալանքի տակ չէ, բայց ընդդիմության ցույցերին ոստիկանի են հրում, այդ գործերով կալանքի տակ են առնում:
«Ցանկացած իրավիճակում պետք է անհատական նայենք, թե ինչու չկալանավորվեց սա, չկալանավորվեց նա: ՔԿ-ի համար նշանակություն չունի՝ իշխանակա՞ն է, թե՞ չէ»,-նշեց նա:
Հարցին՝ Սաշիկ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի տղաներին ինչի՞ համար է ՔԿ-ն կալանավորել՝ Այվազյանը պատասխանեց. «Խնդրում եմ, անհատական գործերից տեղեկություն մի հարցրեք, որովհետեւ ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: ՀՀ-ում ամեն օր քննիչները կալանքի միջնորդություններ են ներկայացնում դատարաններ ու չենք կարող ամբողջ տեղեկատվությանը տիրապետել։ Այսօր աղմկահարույց դեպքեր ցավոք շատ ունենք՝ հանրաճանաչ անձանցով պայմանավորած: Դուք տալիս եք անուններ, որոնք միգուցե ձեր համար ընդգծված կարեւոր մարդիկ են,մեզ համար քրգործը քրգործ է»,-նշեց նա:










