Դանիան և Կանադան վերջապես լուծել են անմարդաբնակ կղզու պատճառով 1973-ից ձգվող տարածքային վեճը

12:44 • 15.06.22

Դանիան և Կանադան համաձայնագիր են ստորագրել Ներսի նեղուցում գտնվող Հանս կղզու շուրջ 1973 թվականից ձգձգվող տարածքային վեճը լուծելու համար։ Այս մասին հայտնել է Դանիայի ԱԳՆ-ն։

Օտտավան և Կոպենհագենը պայմանավորվել են, որ երկրներից յուրաքանչյուրը կստանա կղզու մոտ կեսը, և սահմանը կանցնի դրա մեջտեղի ճեղքով։ Պաշտոնական համաձայնագիրը կստորագրվի պետությունների խորհրդարանների կողմից հաստատվելուց հետո։ Երբ փաստաթուղթն ուժի մեջ մտնի, Կանադան և Դանիան պաշտոնապես կստեղծեն աշխարհի ամենաերկար ծովային սահմանը՝ դրա երկարությունը կկազմի 3882 կմ։ Բացի այդ, կղզու բաժանման արդյունքում երկրները կունենան ցամաքային սահման։

Հիշեցնենք, որ մոտ 1,2 քկմ մակերեսով կղզու տարածքային պատկանելության շուրջ վեճն առաջացել է Ներսի նեղուցում սահմանազատման շուրջ երկու երկրների բանակցությունների ընթացքում. ծովի մոտավորապես 35 կմ լայնությամբ հատվածը բաժանում է Կանադան և Գրենլանդիան (որ ինքնավար տարածք է Դանիայի կազմում):

1973 թվականին ընդհանուր առմամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վերաբերյալ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Հանս կղզու սեփականության հարցում։ Երկար տարիներ դանիացի և կանադացի զինվորները հերթով վայրէջք էին կատարում դրա վրա՝ թողնելով իրենց դրոշը և ալկոհոլի մի շիշ։ Արդյունքում դիմակայությունը կատակով անվանում էին «վիսկիի պատերազմ»։