Իմ հերն ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, եթե պետք լինի, մեր հարսներն էլ են պատրաստ՝ գնալ, նստել․ Իշխան Սաղաթելյան

13:16 • 02.12.22

 

Ընդդիմությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի նպատակն է անդրադառնալ Ադրբեջանի  խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը, որով աղավաղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունը և հանդես է եկել հակահայկական բազմաթիվ ձևակերպումներով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հրավիրված արտահերթ նիստի օրակարգին։

«Ընդդիմությունը նախաձեռնել է այս նիստը, որ ՀՀ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը և հիմնական գնահատականներ տա մի շարք հարցերի հետ կապված»,- ասաց պատգամավորը։

Սաղաթելյանը թվարկեց այն երեք հիմնական սկզբունքները, որոնց վրա կառուցվել է ընդդիմության հայտարարությունը։

«Հայտարարության մեջ հստակ խոսվում է Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի, ինչպես նաև ՀՀ հանձնառության մասին։ ՔՊ խմբակցությունը տեքստի հետ կապված ներկայացրել է իր առաջարկությունը, դրանց մեջ ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը և փոխարենը ավելացրել «Ղարաբաղի հայություն», որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում՝ ջնջել են, ջնջել են նաև Հայաստանի հանձնառության մասը։ Այսինքն աղավաղել են հայտարարության բուն տեքստը։ Ստացվում է, որ Ֆրանսիայի ԱԺ-ն և Սենատը հանդես է գալիս հայտարարությամբ, Արցախի խորհրդարանը հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ ՀՀ ԱԺ-ն հրաժարվում է հանդես գալ նման հայտարարությամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վերջինս ընդգծեց, որ հայտարարության մեջ չկա որևէ քաղաքական գնահատական, այն բացառապես վերաբերվում է Արցախին և Հայաստանին։

Սաղաթելյանը նշեց, որ այս ընթացքում իշխանությունների կողմից իր ընտանիքի նկատմամբ եղել են մի շարք հետապնդումներ, հետախուզումներ և այլն։

«Իմ հերն ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, եթե պետք լինի, մեր հարսներն էլ են պատրաստ՝ գնալ, նստել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։