Մեր քույրերն ու եղբայրները զոհվել են, որպեսզի մեր մանուկները հրապարակում ուրախանան ձեզ համար ֆոսֆորի նմանվող հրավառություններով. ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը
Որքանով ընդդիմությունը վերադարձել է ԱԺ, այդքանով էլ չի վերադարձել, աշխատանքի իմիտացիա է տեղի ունենում: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Մարդիկ գալիս, գրանցվում են, գնում են, հայտարարությունների ժամին գալիս են և հիշում մեր քաղաքացիների սոցիալական խնդիրները: Զարմացած դեմքի արտահայտությամբ գալիս են և ներկայացնում տարբեր ընտանիքներին վերաբերող խնդիրներ: Ցավն այն է, որ այս մարդիկ հիշում են այս ընտանիքներին, երբ քաղաքական խնդիր լուծելու հարց կա»,- ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառմանը և նշեց՝ բոլորս աննկարագրելի բարդ ժամանակաշրջանով ենք անցել. «Մեզ պետք են լույսեր, գույներ, ժպիտներ: Հայաստանն ապրելու է, Հայաստանում տոներ են լինելու, մարդիկ միմյանց ծափահարելու են: Մենք այդ ամենն անելու ենք հանուն մեր քույրերի ու եղբայրների, որոնք իրենց կյանքը զոհաբերել են, որպեսզի Հանրապետության հրապարակում մեր մանուկները ուրախանան ձեզ համար ֆոսֆորի նմանվող հրավառություններով ու ձեզ բթացնող տոնածառներով: Ես ձեզ լիքը հրավառություններ ու լիքը տոնածառներ եմ մաղթում այս կապակցությամբ»:










