Պարեկները բերման են ենթարկել, ոստիկանները՝ խոշտանգել, դատարանը՝ կալանավորել․ Արթուր Սաքունցը՝ Ֆրանսիայի քաղաքացի արվեստագետի միջադեպի մասին (տեսանյութ)
Ոստիկանության բաժնում խոշտանգվել է քանդակագործ, արվեստագետ Էդուարդ Վանեսքեհյանը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասած իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Նոյեմբերի 19–ին պարեկները մեքենայով մոտեցել են Էդուարդ Վանեսքեհյանի տան մոտ, որտեղ մեկնել են կանչով, որն առնչություն չի ունեցել արվեստագետի հետ։ Վարձակալված բնակարանում աղմուկի պատճառով են մեկնել պարեկները, դրսում էլ մարդիկ են հավաքված եղել, խոսակցություն է եղել քաղաքացու ու Էդուարդ Վանեսքեհյանի միջև մեքենան տեղափոխելու հետ կապված, ինչի ընթացքում պարեկները հրել են Էդուարդ Վանեսքեհյանի կնոջը, այտը վնասվել է։ Բնականաբար, ամուսինն արձագանքում է, հայհոյում է պարեկներին։ Պարեկները, ոգևորված, որ իրենց հայհոյել են, ձեռնաշղթաներ են հագցնում Էդուարդ Վանեսքեհյանին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին։ Արաբկիրի ոստիկանության բաժնում՝ ձեռնաշղթաները ձեռքին, վերարկուն գցում են Էդուարդ Վանեսքեհյանի գլխին և սկսում բռնություն՝ ծեծ ու ջարդ։ Բժշկական փաստաթղթերում նշված է վնասվածքների բնույթը․ դեմք, ականջաթաղանթների պատռվածք։ Դա էլ այն բանից հետո է տեղի ունեցել, երբ Էդուարդ Վանեսքեհյանն ասել է ոստիկանին, որ ճանաչել է նրան՝ անունը լսել է․ ոստիկանը մոտեցել է նրան, հարցրել՝ ո՞ր ականջով ես լսել, սրանո՞վ, ու խփում է ականջին, հետո հարցնում՝ թե մյուս ականջով՝ և ականջները վնասվում են նրա խփելու հետևանքով»,–ասաց Սաքունցը։
Բանախոսը հայտնեց, որ Էդուարդ Վանեսքեհյանը ձերբակալվել է, քննիչը կնոջ ներկայացրած հաղորդումը չի ընդունել, տուժող է ճանաչվել ոստիկանության հինգ ծառայող՝ պարեկները և Արաբկիրի բաժնի ոստիկանները, քննիչը Խաչիկ Մարտիրոսյանն է։
Սաքունցը նշեց, որ տուժող ճանաչվածների ցուցմունքներում հակասություն կա․ մեկն ասում է, որ իբր Էդուարդ Վանեսքեհյանը տեղափոխելու ժամանակ գլխով խփել է մեքենային, մյուսն ասում է՝ ճանապարհին վնասվածքներ չի նկատել։
«Այս ամենից հետո դատարանը, դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Էդուարդ Վանեսքեհյանը հայհոյել է, լավ է արել, հայհոյելու համար վարչական պատասխանատվություն է, ոչ թե քրեական»։
Մանրամասները՝ տեսանյութում։










