Կարևորելով կրթությունն ու առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության գաղափարով՝ «Այբ» կրթական հիմնադրամը և Երևան Մոլը կհամագործակցեն կրթության ոլորտում (տեսանյութ)

12:10 • 09.12.22

Դեկտեմբերի 8-ին՝ հուշագրի ստորագրմամբ, «Այբ» կրթական հիմնադրամը և Երևան Մոլն ազդարարեցին կրթության շուրջ նոր ու տևական համագործակցության մեկնարկը։ Կարևորելով կրթությունը և առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության գաղափարով՝ Երևան Մոլը շարունակական աջակցություն է ցուցաբերելու «Այբ» կրթական հիմնադրամի կրթական նախաձեռնություններին՝ սկսելով այն հայերենի «Մեղու» մրցույթի շրջանակում գործընկերությամբ։

«Այբ»-ի զանգվածային մրցույթների ընթացքում Երևան Մոլը կօգնի մեծացնել արդի կրթական հնարավորությունների հասանելիությունն ավելի մեծ թվով շահառուների համար։ Մասնավորապես՝ «Նավապետ Քիդի գանձերի կղզի» զվարճանքի կենտրոնը զգալի ներդրում կունենա ինչպես մրցույթների մրցանակային ֆոնդում, այնպես էլ մրցանակակիրների և հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ՝ օգնելով ապահովել երեխաների տոնական ժամանցը։

Սա կառույցների առաջին համագործակցությունը չէ և գալիս է շարունակելու տարվա առաջին կեսին մեկնարկած գործակցությունը։ Ամռանը «Նավապետ Քիդի գանձերի կղզի»-ն հարթակ էր դարձել 2021 թվականի «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակաբաշխության համար՝ աջակցելով միջոցառումներին և երեխաներին նվիրելով կրթական տոն։

Դեկտեմբերի 26-ին և 27-ին աշխարհում հայերենի ամենամեծ դպրոցական մրցույթը բաց կլինի Հայաստանի և Արցախի 3-12-րդ դասարանցիների համար։ Դեկտեմբերի 19-ին այն առանձին փուլով կանցկացվի նաև սփյուռքի հայալեզու աշակերտների համար։ «Մեղու»-ի նպատակն է սերունդների մեջ ազգային ինքնության բանալին հանդիսացող հայոց լեզվի հանդեպ սեր և հոգածություն ձևավորելը՝ պահպանելով լեզվի տարածումն ու դերն աշխարհում։