The Artfor’s - արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր

15:12 • 12.12.22

#ArtforArmenia առցանց բարեգործական աճուրդը մեկնարկեց հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի և կտևի ընդամենը 1 շաբաթ` 2022թ․ դեկտեմբերի 11-18-ը ներառյալ։

Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զին․ հաշմանդամություն ստացած զինծառայողների։ Աճուրդը կանցնի հնարավորինս թափանցիկ. աճուրդում հաղթողները գումարը փոխանցելու են անմիջապես այն հիմնադրամին, որի արվեստի գործը ձեռք են բերել։

#ArtForArmenia բարեգործական աճուրդը տեղի է ունենում երկրորդ անգամ արդեն նոր` The Artfor’s առցանց հարթակում։ #ArtForArmenia առաջին աճուրդը կայացել է 2020թ․ նոյեմբերին․ արդյունքում ավելի քան $42,000 ուղղվել է պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Առցանց աճուրդում ներկայացված են ամբողջ աշխարհից նկարիչների նվիրաբերած գեղանկարչության, գծանկարի, դասականի ու աբստրակցիոնիզմի, ինչպես նաև մոնումենտալ և փոքր ավելի քան 50 գործեր։ Ներկայացված նկարիչներից են՝ Յուրի Գրիգորյանը, Հարություն Ջինանյանը (Jino), Եկատերինա Ռոժկովան, Գալինա Բիստրիցկայան, Արամ Դանիելյանը, Ռաֆայել Մանուկյանը և ուրիշներ։ Աշխատանքների մեծամասնությանը կարող եք ծանոթանալ Երևանի ԱրտԿվարտալ ցուցասրահում դեկտեմբերի 11-14-ը։

Աճուրդի ֆենոմենը դարձավ Արթուր Վարդանյանի բացառիկ արտ-օբյեկտը՝ հատուկ թոնրում թխած ավանդական հայկական լավաշը, որի վրա Քրիստոսի անձեռակերտ դեմքն է երևում։ «Ես եմ հացը կենդանի» սահմանափակ հավաքածուի մի նմուշն է, իսկ հավաքածուն ներառում է ընդամենը 33 լավաշ, որոնք թխվել են Հայ առաքելական եկեղեցու օրհնությամբ։ Այդ 33-ից մեկ այլ լավաշ ներառվել է Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հավաքածուի մեջ։ Այս հավաքածուից նմուշն առաջին անգամ է ներկայացվում հրապարակային վաճառքի։

Դարձե՛ք աճուրդի մի մասը։ Դուք ունեք աննախադեպ հնարավորություն ձեռք բերել արվեստի յուրահատուկ գործեր՝ դրանով աջակցելով մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ամբողջական կատալոգը հասանելի է աճուդի theartfors.com  կայքում։ Աճուրդը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) ստեղծվել 2017թ-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։ ԶԱՀ յուրահատուկ հիմնադրամ է տարածաշրջանում, որին պարտադիր վճարներ են կատարում Հայաստանի և Արցախի բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք։ Սփյուռքի մեր հայրենակիցները ԶԱՀ-ին սատարում են նվիրաբերությունների միջոցով։ ԶԱՀ-ի արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքությունը։ ԶԱՀ-ի կայքում արտացոլվում են ստացված բոլոր պարտադիր վճարները և նվիրաբերությունները, ինչպես նաև կատարված հատուցումները։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը տրամադրել է ավելի քան 70 միլիարդ ՀՀ դրամի հատուցում 5,054  շահառուների, որոնցից 4,637-ը՝ 2020թ. պատերազմից հետո։

Վահե Մելիքսեթյան հիմնադրամի մասին

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը հիմնադրվել է ի հիշատակ 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը նվիրված նրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Երկու տարվա ընթացքում հիմնադրամը 7 մլն դրամի անվանական կրթաթոշակներ է տրամադրել դպրոցականներին և ապագա կլինիկական դեղագետներին։ Աճուրդից ստացված ողջ գումարն ուղղվելու է «Վ.Մելիքսեթյանի անվան դեղագիտության զարգացման կենտրոնի» ստեղծմանը։ Կենտրոնի ստեղծման առաջին փուլի համար անհրաժեշտ է 20 միլիոն ՀՀ դրամ, որից հավաքագրվել է 9 միլիոնը։

 

Եկատերինա Ռոժկովա, Զգեստը,  2015

Գալինա Բիստրիցկայա, Աշունը պրովինցիայում, 2022

Հարություն Ջինանյան (Jino), Ժամանակի մեխանիկան, 2014

Արթուր Վարդանյան, Ես եմ կեանքի հացը, 2014

 

Արամ Դանիելյան, Աշուն, 2019

Ռաֆայել Մանուկյան, Ուղտ, 2017