Լաչինի միջանցքը փակելը նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

14:45 • 12.12.22

Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ելույթի այդ հատվածը՝ ստորև.

«Եվ այս առումով պիտի ընդգծեմ այն սադրանքները, որոնք տեղի են ունենում, մասնավորապես, Լաչինի միջանցքում: Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց պիտի ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև՝ փակել այս միջանցքը, դադարեցնել այս միջանցքի գործողությունը, նշանակում է, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով:

Առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենարը, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում: Եվ մենք այդպիսի, ըստ էության, մինի մոդելը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44 օրյա պատերազմի հետևանքով: Ընդ որում,  պիտի ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ՝ փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ: Բայց մինչև այսօր, նույնիսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, ուր մնաց թե Հադրութի շրջանի բնակիչներն այդ հնարավորությունն ունենային:   

Հաջորդ սցենարը, որը կարող է իրագործվել՝ ինքնության կորուստն է, որը, կարծում եմ, նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է: Եվ այսօր այն պայքարը, որ Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է: Այսինքն, ընդհանուր առմամբ անվտանգության համատեքստում, երբ ասում ենք անվտանգություն, երբեմն հասկանում ենք միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց ինքնության անվտանգությունը մարդու իրավունքների և անվտանգության անքակտելի մասն է: Այն երևույթը, որ մենք տեսնում ենք, նույնիսկ զավեշտալի է այդ մասին խոսել, միջազգայնորեն ճանաչված հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող: Ընդ որում, մենք այս հարցում էլ գուցե շատերի համար քննադատելի ճկունություն ենք ցուցաբերում՝ ասելով, որ գիտեք այդտեղ գուցե չարժե դա դարձնել միջպետական բանաձև, դրա համար կա միջազգային մասնագիտացված կառույց՝ ՅՈՒՆԵՍԿՕ, որն ի վիճակի է, ունի բոլոր փորձագիտական, մասնագիտական հմտությունները՝ գնահատելու պատմամշակութային հուշարձանների ծագումնաբանությունը: Բայց ես ուզում եմ ասել, որ սա պարզապես անշունչ կառույցների դեմ պայքար չէ, սա ինքնության դեմ պայքար է, և այդ պայքարը չունի պարզապես պատմական կոնտեքստ, այդ պայքարն ունի պրակտիկ կոնտեքստ: Այդ պայքարի ամբողջ նպատակն է ի ցույց դնել, որ հայերը Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունք չունեն, որովհետև մենք տեսնում ենք այդ պատմամշակութային հուշարձանների դեմ պայքարի հետևյալ կոնտեքստը, երբ պետական մակարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձանագրությունները ջնջվեն և նրանց փոխարեն տեղադրվեն, այսպես ասած, իրական պատմական իրողություններն արձանագրող արձանագրությունը: Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել:

 Եվ երրորդ սցենարը՝ դա բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի իրողությունը և նախանշանները մենք նույնպես տեսել ենք և տեսնում ենք՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելուց և հրթիռակոծելուց: Բայց գիտեք, ես չեմ ուզում, որ մենք ցեղասպանությունը ընկալենք և դիտարկենք, և այդ թվում այն ցեղասպանությունը, որի մասին խոսում եմ, անխուսափելի և անկանխարգելելի իրողություն: Եվ պիտի արձանագրեմ, որքան էլ տարօրինակ թվա, հիմա այս նախաբանից հետո եզրակացությունը, որ իմ համոզմամբ, այնուամենայնիվ, ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Եվ մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում»: