Հս. Կորեան օրինական միջուկային տերություն չի ճանաչվի «նույնիսկ միլիոն տարի անց». Հրվ. Կորեայի ԱԳՆ

11:56 • 13.12.22

Միջազգային հանրությունը երբեք Հյուսիսային Կորեան չի ճանաչի որպես օրինական միջուկային պետություն: Այս մասին հայտարարել է Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության հարցերով Հարավային Կորեայի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կիմ Գոնը, հայտնում է Yonhap-ը։

«Միջազգային հանրությունը 30 տարի շարունակ կողմ է ապամիջուկայնացմանը՝ որպես ընդհանուր նպատակ, այն երբեք չի վերանայվի։ Չկա մի սցենար, որում մենք վերանայենք այս նպատակը։ Նույնիսկ մեկ միլիոն տարի անց», - ասել է դիվանագետը  նախքան Ջակարտայում ԱՄՆ-ի և Ճապոնիայի գործընկերների հետ բանակցություններ սկսելը:

Բանակցությունները տեղի են ունեցել այն լուրերի ֆոնին, որ Հյուսիսային Կորեան կարող է հերթական միջուկային փորձարկումն իրականացնել:

Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմն ասել է, որ Փհենյանի գործողությունները հանդիսանում են «տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը»:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ նպատակ ունի կառուցել աշխարհի ամենահզոր ռազմավարական միջուկային ուժերը և ունենալ «աննախադեպ բացարձակ» իշխանություն՝ պաշտպանելու Հյուսիսային Կորեայի պետության և ժողովրդի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։