Մենք միշտ էլ խոսել ենք բանակցությունների կողմ լինելու մասին, սակայն դրանք չպետք է լինեն պարտադրանքի լեզվով խոսելու ձևաչափով․ ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին Բաքու հրավիրելու, շուրջ 100-օրյա շրջափակմանը դիմակայելու կամքի, միջազգային հանրությունից ակնկալվող գործուն քայլերի, ռուս խաղաղապահ զորախմբի գործադրած ջանքերի եւ սահմանադրական փոփոխությունների կարեւորության եւ ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցել է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի հետ, ով նախ անդրադարձավ շուրջ 100-օրյա շրջափակման դժվարությունները հաղթահարելու 30-ամյա աներեւույթ պայքարի ուժին.
- 100-օրյա շրջափակումը մեր 30 տարվա պայքարի շարունակությունն է: Մենք շարունակում ենք 30 տարի առաջ սկսած պայքարը հանուն մեր ինքնորոշման իրավունքի պահպանման: Դժվար է, դժվարը մեղմ է ասված, բայց դիմակայում ենք հանուն մեր երեխաների, հանուն այս հողում ընկած մեր հազարավոր տղաների ու հարյուրավոր ընկերների:
— Միջազգային հանրություն կոչվածից որեւէ ակնկալիք ունե՞ք, հաշվի առնելով մինչ այս պահը նրանց արձագանքները հերթապահ հայտարարություններից, կոչերից այն կողմ չեն գնում:
— Մենք բազմիցս ընդգծել ենք, որ, այ՛ո, այդ կոչերը, հայտարարությունները, ընդունած բանաձեւերը ունեն իրենց դերն ու նշանակությունը: Բայց մենք նաեւ տեսնում ենք, որ մեր դիմաց Ադրբեջանն է, որն անտեսում է ամեն բան: Ուստի ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը առավել առարկայական գործողությունների դիմի, չբավարարվի միայն կոչերով, հայտարարություններով, բանաձեւերով: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ քաղաքակիրթ աշխարհում Ադրբեջանը շարունակի էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականությունը, ինչը բազմիցս ապացուցվել է Ադրբեջանի գործողություններով:
Այս պահին ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունն է երաշխիք հանդիսանում, որպեսզի վերը նշված քաղաքականությունը ավատին չհասցվի: Իհարկե, կան որոշակի խնդիրներ այդ առաքելության իրականացման ընթացքում, բայց ընդհանուր առմամբ խաղաղապահ զորախմբի ներկայությունը եւ իրենց կողմից այդ սադրանքներին արձագանքելը հենց այդ երաշխիքներից մեկն է: Այնպես որ, մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների ներկայությունը եւ իրենց առաքելությունը Արցախում եւ գտնում ենք, որ իրենց առաքելությանը պետք է տրվի անժամկետ մանդատ, որպեսզի մենք կարողանանք խաղաղություն եւ կայունություն ապահովել:
— Այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով, այսպես կոչված, «վերաինտեգրման», Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» հարցեր:
— Մենք միշտ էլ խոսել ենք բանակցությունների կողմ լինելու մասին, սակայն, բանակցությունները չպետք է լինեն պարտադրանքի կամ նախապայմանների լեզվով խոսելու ձեւաչափով: Այսինքն, դրանք պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված երաշխիքների եւ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա: Այս դեպքում միայն կարեւոր չի լինի այլեւս հանդիպման վայրը, կամ մյուս տեխնիկական հարցերը: Սկզբունքորեն կարեւոր է, որ Ադրբեջանը հասկանա, որ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, եւ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե պարտադրանքի, այլ միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա:
— Պարոն Հարությունյան, անդրադառնանք նաեւ Արցախում առկա ներքաղաքական զարգացումներին: Մասնավորապես, հանրային շրջանակներում շատ է քննարկվում, թե ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների փաթեթը հետ կանչվեց, հետո նորից ընդգրկվեց օրակարգ, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է:
— Նախ ասեմ, որ հետ կանչված սահմանադրական փոփոխությունների նախագիծը ոչ մի աղերս չունի փոփոխության հետ, որը այս պահին քննարկվում է: Բովանդակային առումով ամբողջությամբ տարբերվող սահմանադրական փոփոխություններ են: Այս պահին ունենք երկու սահմանադրական փոփոխությունների փաթեթ: Առաջին փաթեթը այն է,որը պետք է ընդունի ԱԺ-ն, իսկ երկրորդ փաթեթը, որն ավելի մեծ փոփոխություններ է նախատեսում, այսինքն` կառավարման համակարգի եւ այլ սկզբունքային փոփոխություններ, պետք է ընդունվի հանրաքվեով: Այս պահին առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը վերաբերում է նրան, որ ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու պայմաններում ԱԺ-ին իրավունք է վերապահվում` ընտրել նախագահ: Նախագիծը միտված է ֆորսամաժորային իրավիճակում պետական կառավարման համակարգի ռիսկերը կառավարելուն: Ըստ իս, այս դրույթը պետք է ընդունված լիներ դեռեւս 2017թ.-ին, որովհետեւ ռազմական դրության ընթացքում գտնվող պետության Սահմանադրության մեջ պարտադիր պետք է լինեն այնպիսի դրույթներ, որոնք ֆորսամաժորային իրավիճակներում թույլ են տալու պետական կառավարման շարունակությունը, անընդհատությունը պահպանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։










